Հետ մղված 3 11-մետրանոց! Համբուրգի դարպասապահը ֆանտաստիկ խաղով իր թիմին դուրս բերեց Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ🎥
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Համբուրգը» «Ֆոլկպարշտադիոն» մարզադաշտում մրցեց «Կարլսրուեի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի ընթացք ստացավ տանտերերի համար, քանի որ «Կարլսրուեի» ֆուտբոլիստները Ֆիլիպ Հայզեի ու Ֆիլիպ Հոֆմանի գոլերի շնորհիվ 50-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, «քաղաքայինները» բաց թողած երկրորդ գոլից ընդամենը 2 րոպե անց մեկ գնդակ հետ բերեցին. աչքի ընկավ Ռոբերտ Գլաթցելը։
72-րդ րոպեին «Համբուրգը» 11-մետրանոց վաստակեց, իսկ հյուրերի պաշտպան Քրիստոֆեր Կոբալդը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Գնդակին մոտեցավ Սոնի Կիտելը, սակայն նրա հարվածից հետո «Կարլսրուեին» փրկեց դարպասապահ Մարիուս Գերսբեկը։
Երբ թվում էր` «Կարլսրուեն» անակնկալ հաղթանակ կտոնի և կնվաճի կիսաեզրափակիչի ուղեգիր, 90+1-րդ րոպեին Ռոբերտ Գլաթցելը խփեց «Համբուրգի» երկրորդ պատասխան գնդակը, իսկ ինքը դարձավ դուբլի հեղինակ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում Թիմ Վալտերի սաներն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն հյուրերը դիմացան այդ ճնշմանն ու խաղը տեղափոխեցին 11-մետրանոց հարվածաշար։
«Վիճակախաղը» նույնպես անհաջող սկսվեց «Համբուրգի» ֆուտբոլիստների համար, քանի որ Բաստիան Շոնլաուի հարվածից հետո Մարիուս Գերսբեկը կրկին փայլեց ու հետ մղեց գնդակը, սակայն հետագայում տանտերերի դարպասապահ Դանիել Հոյեր Ֆերնանդեսը 3 սեյվ կատարեց, իսկ իր թիմը հարվածաշարում հաղթեց 3:2 հաշվով։
Այսպիսով, «Համբուրգը» թրիլլերային խաղում «Կարսրուեին» հաղթեց 11-մետրանոց հարվածաշարի օգնության ու դուրս եկավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Գերմանիայի գավաթ, Դանիել Հոյեր Ֆերնանդես, Թիմ Վալտեր, Կարլսրուե, Համբուրգ, Մարիուս Գերսբեկ, Ռոբերտ Գլաթցել