Հայ մարզչի գլխավորած ակումբը դուրս է եկել Բելգիայի գավաթի քառորդ եզրափակիչ 🎥
Հայ մարզչի գլխավորած ակումբը դուրս է եկել Բելգիայի գավաթի քառորդ եզրափակիչ 🎥
05/12/2025 - 11:59

Բելգիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Դենդերը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է Լիեժի «Ստանդարդին»։

Տանտերերից գոլերը խփել են Նայիլ Մոուտա Սեբտաուին, Դավիդ Հրնչարը և Մոհամեդ Բերտեն։ «Ստանդարդից» դարպասի գրավմամբ աչքի են ընկել Դենիս Էքերթն ու Թիմոթի Նկադան։

Դենդերելու քաղաքը ներկայացնող ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ դուրս է եկել գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ հունվարի 14-ին տնային խաղում կմրցի երկրի չեմպիոն «Յունիոն Սենթ Ժիլուազի» դեմ։

«Դենդերը» մարզում է հայ մասնագետ Հայկ Միլկոնը` Մելքոնյանը։ 32-ամյա մասնանագետը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, սակայն 3 տարեկանից ընտանիքի հետ բնակվում է Բելգիայում։

Միլկոնը 17 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան ու սկսել մարզչական գործունեությամբ զբաղվել։ Երիտասարդ մասնագետն աշխատել է բելգիական տարբեր թիմերի համակարգերում` «Գենտում», «Անտվերպենում», «Տյուրնխաուտում», ՆԿՍՏ-ում, «Վոլուվե Զավենտեմում», «Մեխելենում» և այլուր։

Հայ մասնագետը 2024թ. հունվարից մինչև 2025թ. սեպտեմբեր Բելգիայի ամենաանվանի ակումբներից «Բրյուգեում» եղել է նախ` Ռոնի Դեյլայի, ապա` Միկի Հայենի օգնականը։ «Դենդերի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2025թ. սեպտեմբերի 6-ից։ Ակումբը նրա գլավորությամբ 12 խաղում 3 հաղթանակ է տարել, գրանցել 4 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։

Հայկ Միլկոնը 9 լեզվի է տիրապետում` հայերենի, ռուսերենի, արաբերենի, անգլերենի, գերմաներենի, նիդերլանդերենի, ֆրանսերենի, իսպաներենի և իտալերենի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025