Հայտնի է դարձել, թե որ ակումբներն են առաջարկ կատարել Ամրաբատին գնելու համար
Ձմեռային տրնասֆերային պատուհանի ընթացքում «Ֆիորենտինան» հրաժարվել է վաճառել մարոկկացի կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատին` չնայած նրա գնելու վերաբերյալ առաջարկներ է ունեցել թոփ ակումբներից։
«Աշխարհի առաջնության ժամանակ «Ֆիորենտինայի» նախագահը հայտնեց, որ չի պատրաստվում վաճառել Ամրաբատին։ Այդ ժամանակ ես կարծեցի, թե նա դա ասել է, որպեսզի ավելի շատ գումար կարողանա ստանալ տրանսֆերից։
Սոֆիանի ծառայություններով ակտիվ հետաքրքրված էին, սակայն նա ցանկանում էր տեղափոխվել միայն թոփ ակումբ։ Շատ էր խոսվում անգլիական ակումբների հետաքրքրվածության մասին, որոնք նույնպես կարող էին տրանսֆերի համար խոշոր գումարներ ներդնել։
Կարող եմ երեք ակումբ նշել, որոնք ամենամոտն են եղել Ամրաբատի տրանսֆերին։
«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի փակումից երկու օր առաջ առաջարկ է կատարել «Ֆիորենտինային»։ Նրանք ցանկացել են գնման իրավունքով վարձակալել Ամրաբատին։
Տրանսֆերը չկայացավ, քանի որ «Ֆիորենտինան» չտվեց իր համաձայնությունը։
«Բարսելոնան» նույնպես տրանսֆերային պատուհանի վերջին 2-3 օրերին փորձել է գնման իրավունքով վարձակալել նրան, սակայն կատալոնական ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չկայացավ։ Երրորդ ակումբը եղել է «Չելսին»։
Վարձակալության դիմաց ամենաշատը պատրաստ է եղել վճարել «Բարսելոնան», այդ պատճառով էլ Սոֆիանը հույս ուներ, որ ամեն ինչ լավ կավարտվի, սակայն «Ֆիորենտինայում» ասացին հետևյալը. «Ո՛չ, ոչ մի դեպքում։ Դու մեր ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն ես։ Մենք չենք պատրաստվում մրցաշրջանի այս հատվածում վաճառել քեզ։ Կարող ենք ամռանը պայմանավորվել տրանսֆերի շուրջ»։
Երբ քեզ տրանսֆերային առաջարկ է կատարում «Բարսելոնան», անհնար է այն մերժել։ Եվ եթե քո տրանսֆերը չգնի «Բարսելոնան», ապա, միանշանակ, դա կանի որևէ այլ ակումբ։ Անկախ ամեն ինչից` «Ֆիորենտինան» այդ գործարքից միայն շահած է դուրս գալու»,- նշել է Սոֆիան Ամրաբատի եղբայրը` Նորդին Ամրաբատը, ում խոսքերը մեջբերում է Voetbal Primeur-ը։
Հավելենք, որ Սոֆիան Ամրաբատի նկատմամբ հետաքրքրությունն էականորեն մեծացավ ԱԱ-2022-ից հետո, երբ 26-ամյա ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի կազմում հասավ մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ և արդյունքում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Նշենք, որ Ամրաբատը «Ֆիորենտինայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից` անցկացրած 95 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Վերջում ավելացնենք, որ Սոֆիան Ամրաբատի եղբայրը` Նորդինը, նույնպես ֆուտբոլիստ է և հանդես է գալիս հունական ԱԵԿ Աթենքի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԵԿ, Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարոկկոյի հավաքական, Նորդին Ամրաբատ, Չելսի, Սոֆիան Ամրաբատ, տրանսֆերներ, Ֆիորենտինա