Հայաստանի հավաքականն ու հայկական ֆուտբոլի խնդիրները. Ընթերցողի կարծիք

Հայաստանի հավաքականն ու հայկական ֆուտբոլի խնդիրները. Ընթերցողի կարծիք

02/04/2019 - 19:54

Ընթերցողի կարծիք բաժնում շարունակում ենք ներկայացնել մեզ ուղարկված նյութերը: Այս անգամ հրապարակում ենք Հայաստանի հավաքականի մասին Մհեր Համբարձումյանի հոդվածը.

Որակավորման փուլերում հերթական ձախողված մեկնարկը և մենք՝ երկրպագուներս, ժամանակ չկորցնելով, առանց դատ ու դատաստանի մեր վերաբերմունքով, թիմին դատապարտում ենք «մահվան»: Դա նույնն է ինչ թիկունքից հարվածես ընկերոջդ հենց այն պահին, երբ նա ամենից շատն ունի քո օգնության կարիքը: Այո՛, այս պահին Հայաստանի հավքականից ռեալ արդյունքներ ակնկալելը նույնն է, ինչ խարխուլ մակույկը հանձնես ծովին, ու ակնկալես, որ այն բարեհաջող կհասնի մյուս ափ. հնարավո՞ր է դա, թե ոչ, փորձենք պարզել: Որո՞նք են ներկայիս ուժեղագույն հավաքականները. Իսպանիա, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա…: Միտումնավոր չենք նշում Հոլանդիայի և Իտալիայի անունները, որովհետև վերջին հինգ տարիներին նրանց անկումն ակնհայտ է և պատճառը առաջին հերթին այդ երկրների առաջնություններում՝ A Սերիայում և Էրդիվիզիայում տիրող ճգնաժամն է: Փոխարենը նայենք այն երկրների առաջնություններին, որոնց ուժեղագույնը անվանեցինք. Լա Լիգան, Բունդեսլիգան, Պրեմիեր լիգան և Լիգա 1-ը վերջին տասնամյակում թե՛ ֆինանսական, թե՛ մարքեթինգի, թե՛ սելեկցիոն, թե՛ մարզական առումներով մեծ քայլերով առաջ են գնացել: Միայն իսպանացիները վերջին տասը տարում հավաքականի և ակումբների մակարդակով 28 միջազգային գավաթ են նվաճել (չհաշված երիտասարդական հավաքականների նվաճումները):

Իսկ ի՞նչ ունենք մենք. Առաջնություն որը…

. նյութական առումով շահագրգռություն չի ապահովում
.9 թիմերից 7-ը ներկայացնում են Երևանը
.երիտասարդների պոտենցիալի բացահայտման և կատարելագործման առումով ակնհայտորեն կաղում է:

Ակումբներ, որոնք…
.մի կերպ քարշ են տալիս իրենց գոյությունը
.մասնագիտական ակադեմիաները գրեթե սիրողական մակարդակի վրա են աշխատում
.երկրպագուներ գրեթե չունեն
.պատանի ֆուտբոլիստները հայտնվում են, որովհետև այլընտրաքային տարբերակ չկա
.չափահաս ֆուտբոլիստները հրաժարվում են խաղալ, որովհետև նրանց վճարած շխատավարձերը չեն բավարարում ամենատարրական կենցաղային պայմանները ապահովելու համար:

Իսկ ինչ են անում պատկան կառույցները. հայացքը սևեռում են արտասահման, որտեղից գտնում են հայկական արմատներով և ֆուտբոլային առումով դեռևս հասունության քննությունը չբռնած անհատների, որոնց համար հավաքականը դարձնում են փորձադաշտ, այնուհետև ձախողումների համար մեղադրում այն ֆուտբոլիստներին, որոնք քիչ թե շատ աչքի են ընկնում կայունությամբ և կայուն կերպով հրավիրվում են հավաքական: Արտասահմանից հրավիրում են մարզիչների, որոնք Հայաստան գալը օգտագործում են մասնագիտական փորձ ու գիտելիքներ ձեռք բերելու համար և ոչինչ ավելին: Իհարկե այստեղից հանում ենք Յան Պորտերֆիլդին, որովհետև համապատասխան որակներ նա ուներ և մահացու հիվանդության դեմ կռիվ տալով՝ նա հասնում էր Հայաստան ու թիմին նախապատրաստում խաղերին և այդ պարագայում խաղադաշտում կռիվ տալը տղաների համար պատվի հարց էր, բայց ոչ այս սերնդի տղաներից շատերի, այլ Համլետ Մխիթարյանի, Արարատ Առաքելյանի, Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի, Ռոբերտ Արզումանյանի, Լևոն Պաչաջյանի մտածելակերպով տղաների:

Այստեղ կառաջանա հռետորական հարցը. ո՞րն էր տարբերությունը ներկայիս և նախորդ սերնդի տղաների միջև: Պատասխանն ավելին քան ակնհայտ է. նրանք ծնվել են այլ երկրում, որտեղ երիտասարդ տարիներին նրանց հետ ճիշտ էին աշխատել և հղկել նրանց տաղադը: Այդ երկրում անձի մեջ պատասխանատվության զգացումը այլ դրսևորումներ ուներ, որը ներարկված էր նրանց հոգեբանության մեջ: Նրանք խաղում էին մինչև վերջ, անկախ նրանից, որ մրցակիցը կարող էր լինել Իսպանիան:

Երեք տարի առաջ Ուելսի հավաքականը կարողացավ հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում և նույնիսկ հասնել մինչև կիսաեզրափակիչ և շատերը կպնդեն, որ վերոնշյալ գործոնների վրա Միացյալ թագավորության մաս հանդիսացող այդ երկրում համապատասխան որակի աշխատանք չեն կատարել: Բայց նրանք այլ քաղաքականություն որդեգրեցին և դա իրենց լավագույն ակումբներին անգլիական տարբեր լիգաներում և գավաթային մրցաշարերում տեղավորելն էր, որտեղ նրան տաղանդները կարողացան իրենց պոտենցիալը ցույց տալ և իրենց թիմերի հետ միասին հայտնվել Պրեմիեր լիգայում այնուհետև տեղափոխվել ավելի մեծ հավակնություններով ակումբներ և կուտակած փորձն ու պրոֆեսիոնալիզմը նրանք օգտագործեցին ի շահ իրենց հավաքականի:

Եվ վերջում փաստենք.

.Մեր առաջնության առաջընթացի համար գրեթե քայլեր չեն արվում
.Ֆուտբոլի մասսայականացումը մեր երկրում ակնհայտորեն ցածր մակարդակի վրա է
.Հոգեբանությունն ու արժեհամակարգը ևս պատշաճ մակարդակի վրա չեն
.Ֆուտբոլի զարգացման համար ֆինանսական ներդրումներ չեն արվում և այլն…

Եվ հենց այս գործոններն էլ մեր առջև կանգնեցնում են այն խարխուլ մակույկին, որն ի վիճակի չէ հաղթահարել իրեն բաժին հասած փոթորիկները: Այս պարագայում հավաքականից պահանջել անհնարինը, կամ մահացու մեղադրանքներ ներկայացնել ձախողվելու համար անիմաստ է, իսկ մեզ` երկրպագուներիս ոչինչ չի մնում անել քան անվերապահորեն աջակցել թիմի և հավատալ, որ պատկան մարմինները ֆուտբոլի զարգացման համար ավելի հեռանկարային քաղաքականություն կորդեգրեն:
Եվ իհարկե մի գործոն, որը կարևոր է վերոնշված բոլորից, դա մեր երկրի վարկանիշն է, որը ներկա պահին շատ ցածր է և օտարերկրյա ու սփյուռքահայ ներդրողներ համար հետաքրքրություն չի ներկայացնում:

Մհեր Համբարձումյան

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022