Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմն՝ ըստ Interfootball-ի
Հայաստանի հավաքականը սկսում է պայքարն աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում։ Առաջին տուրում մեր հավաքականը Վադուցում կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ․ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45։ Այժմ կներկայացնենք Interfootball-ի վարկածով Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը։
Դարպասապահ – Դավիթ Յուրչենկո
Այս դիրքում երկու կարծիք պարզապես չի կարող լինել, քանի որ Դավիթ Յուրչենկոն Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում ապացուցեց, որ ներկա պահին հայ դարպասապահներից միանշանակ ամենաուժեղն է և իր վստահ խաղով բազմաթիվ անգամ փրկեց մեր ընտրանուն վերահաս գոլից։
Աջ պաշտպան – Հովհաննես Համբարձումյան
Հովոն հիանալի մարզավիճակում է միացել հավաքականին։ 30-ամյա ֆուտբոլիստն «Անորտոսիսում» կայուն տեղ ունի մշտական կազմում։ Նա իր ակումբում անցկացրած 18 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ե՛վ լավ մարզավիճակի փաստը, և՛ Համբարձումյանի խաղային բարձր ինտելեկտը, և՛ մինչև վերջ պայքարելու նրա ձգումը հաշվի առնելով՝ կարծում ենք, որ նա, անկախ մրցակցի ուժից և որակից, պետք է մշտապես լինի մեր հիմնական աջ պաշտպանը։
Կենտրոնական պաշտպան – Վարազդատ Հարոյան
Վաթոն նոր ակումբ ունի՝ ի դեմս «Աստանայի» և նա նույնպես լավ մարզավիճակում է միացել մեր հավաքականին։ Հարոյանը Ղազախստանում նոր մեկնարկած մրցաշրջանում մասնակցել է «Աստանայի» բոլոր 4 խաղերին՝ օգնելով իր թիմին երկու անգամ «չոր» հանդիպում անցկացնել։
28-ամյա ֆուտբոլիստը մեր պաշտպանության անվիճելի առաջատարն է բոլոր առումներով և եթե կազմ ու պատրաստ է, ապա առանց նրա դժվար է պատկերացնել Հայաստանի հավաքականը։
Կենտրոնական պաշտպան – Տարոն Ոսկանյան
Մի շարք խաղացողներ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում Վաթոյի խաղընկերը դառնալու հնարավորություն ունեն։ Ամենահավանական տարբերակը, իհարկե, Անդրե Չալըշըրն է, ով վերջին շրջանում Հայաստանի հավաքականում մշտական տեղ ունի մեկնարկային կազմում։
Սակայն, հաշվի առնելով նաև առաջիկա երկու ավելի բարդ հանդիպումները՝ կարծում ենք Խոակին Կապառոսը ճիշտ կանի Չալըշըրին պահի և խնայի Իսլանդիայի և Ռումինայի հավաքականների դեմ խաղերի համար, իսկ Հարոյանի կողքին խաղադաշտ դուրս բերի ոչ պակաս փորձառու և վերջին շրջանում կրկին վստահ խաղով աչքի ընկնող Տարոն Ոսկանյանին։
Ձախ պաշտպան – Կամո Հովհաննիսյան
Ձախ պաշտպանի դիրքը Հայաստանի հավաքականում մշտապես եղել խնդրահարույց։ Վերջին տարիներին այդ դիրքում ով ասես չխաղաց, սակայն ամենահաջողն իրեն դրսևորել է նոմինալ աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Կամոն իր արագությամբ ու գեղեցիկ անցումներով մշատպես կարող է լուրջ սպառնալիք լինել ցանկացած մրցակցի համար։
Ներկա պահին էլ Կամոն կրկին լավ մարզավիճակ է հավաքել և վերջերս իր ակումբի՝ «Կայրաթի» կազմում դարձավ գոլի հեղինակ։
Հենակետային կիսապաշտպան – Արտակ Գրիգորյան
Արտակ Գրիգորյանը Հայաստանի հավաքականի ցեմենտ-բետոնն է։ Դժվար է պատկերացնել, որ Խոակին Կապառոսը նրան կթողնի պահեստայինների նստարանին՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։
Արտակի նվիրվածությունից ու գնդակի խլելու կարողությունից մեր հավաքականում այս գոտում հանդես եկող գրեթե այլ ֆուտբոլիստ չունի, այդ պատճառով էլ նրան մշատապես տեսնում ենք Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում։ Բացի դրանից, մեզ նմանատիպ խաղերում անչափ անհրաժեշտ են Արտակի նման փորձառու ֆուտբոլիստներ։
Կենտրոնական կիսապաշտպան/ենթահարձակվող -Վահան Բիչախչյան
Ամենայն հավանականությամբ, Լիխտենշտեյնի հավաքականը մեծ ուժերով պաշտպանվելու է և փորձելու միավորներ խլել մեր ընտրանուց և, այդ փաստը հաշվի առնելով, այս խաղում մեր հավաքականը կարող է խաղալ մեկ հենակետայինով։
Լիխտերի նման հավաքականների դեմ ցանկալի է, որ խաղանք ավելի ստեղածագործ մտքով աչքի ընկնող ֆուտբոլիստներով, իսկ այս դիրքում ներկա պահին Վահան Բիչախչյանը շատ մեծ օգուտ կտա։ 21-ամյա ֆուտբոլիստը կարող է օգտակար լինել ինչպես դաշտի կենտրոնում, այնպես էլ հարձակման գծում։
Բացի դարնից, արդեն հասունացել այն պահը, որ Վահանին վերջապես տեսնենք մեր հավաքականի մեկնարկային կազմում։
Ենթահարձակվող – Սարգիս Ադամյան
Ճիշտ է՝ Սաքոն ընթացիկ մրցաշրջանում շատ քիչ խաղաժամանակ է ստանում «Հոֆֆենհայմի» կազմում, սակայն, ինչպես Խոակին Կապառոսը նշեց տեղի ունեցած նախաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ, Ադամյանը ֆիզիկապես լավ վիճակում է և լավ է մարզվում իր թիմի կազմում։
Վերևում արդեն նշեցինք, որ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում մեզ ավելի շատ անհրաժեշտ են հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ, իսկ Գևորգ Ղազարյանի բացակայության պայմաններում, խաղ կառուցելու և գրոհները եզրափակելու առումով լավագույն տարբերակը Սարգիս Ադամյանն է։
Աջ վինգեր – Տիգրան Բարսեղյան
Տիկոն, իրապես, փայլուն առաջընթաց է գրանցել վերջին երկու մրցաշրջանում՝ դառնալով Հայաստանի հավաքականի շարժիչ ուժը։ Բարսեղյանը վերջին շրջանում էլ կայուն խաղաժամանակ է ստանում «Աստանայում»՝ մշտապես տեղ ունենալով մեկնարկային կազմում։
Լիխտերի դեմ խաղում էլ Բարսեղյանը պետք է առաջատարությունը վերցնի իր ձեռքը և մեր հավաքականին տանի դեպի հաղթանակ։
Ձախ վինգեր – Էդգար Բաբայան
Ձախ եզրում տարբերակները շատ են․ Խորեն Բայրամյան, Ժիրայր Շաղոյան (ամենաքիչ հավանական տարբերակը ), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (նույնպես քիչ հավանական), սակայն մեր ընտրությունը կանգ է առել Էդգար Բաբայանի թեկնածության վրա։
Առաջին հերթին Բաբայանը, ինչպես նշված գրեթե մյուս բոլոր ֆուտբոլիստները, լավ մարզավիճակում է, երկրորդ՝ մյուս թեկնածուների համեմատ ավելի արագ է և համարձակ, տեխնիկապես հասուն, իսկ այդ որակներն այսօր միանշանակ մեզ անհրաժեշտ են։
Կենտրոնական հարձակվող – Ալեքսանդր Կարապետյան
Այս դիրքն այժմ նույնպես խնդրահարույց է Հայաստանի հավաքականում, սակայն Ալիկն ապացուցել է, որ, չնայած տարիքին, մշտապես պատրաստ է օգտակար լինել մեզ։
Կարապետյանը վերջերս տեղափոխվեց «Արարատ-Արմենիա» և նույնիսկ հասցրել է աչքի ընկնել արդյունավետ գործողություններով, ինչն էլ ավելի է հաստատում, որ հենց նա է լինելու Հայաստանի հավաքականի հարձակման կրակածայրում։
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր-Կարապետյան, Արտակ Գրիգորյան, Դավիթ Յուրչենկո, Էդգար Բաբայան, Լիխտենշտեյն-Հայաստան, Խոակին Կապարոս, Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, Սարգիս-Ադամյան, Վահան Բիչախչյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Տիգրան-Բարսեղյան