Հայաստանի հավաքականը հիանալի խաղով  հաղթեց Իռլանդիային🎥

Հայաստանի հավաքականը հիանալի խաղով հաղթեց Իռլանդիային🎥

04/06/2022 - 18:53

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեկնարկում Հայաստանի հավաքականը որոշակի ակտիվություն ցուցաբերեց. փորձեցին աչքի ընկնել Վահան Բիչախչյանն ու Տիգրան Բարսեղյանը, սակայն նրանք վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Խոակին Կապառոսի թիմի մեկնարկային ակտիվությունից հետո իռլանդացիները տիրեցին նախաձեռնությանն ու այն պահեցին մինչև ընդմիջման գնալը։

Այդուհանդերձ, «կանաչ բանակի» գրոհները, մեծամասամբ, իրենցից վտանգ չէին ներկայացնում. Սթիվեն Քեննիի սաները հիմնականում շեշտը դրել էին բարձրից կատարած փոխանցումների վրա, սակայն մեր ընտրանին անձնուրաց էր պաշտպանվում։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկում մեր տղաներն ունեին խաղային շոշափելի առավելություն։

50-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հարձակման աջ եզրով սուր գրոհ զարգացրեց, ինչի արդյունքում Տիգրան Բարսեղյանը դարձավ գոլի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ռադու Պետրեսկուն Հովհաննես Համբարձումյանի խաղից դուրս վիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։

56-րդ րոպեին Բարսեղյանը կրկին մոտ էր աչքի ընկնելուն, սակայն այս անգամ նրա հարվածից հետո գնդակը մի փոքր բարձր ընթացավ։

Այդ դրվագից հետո հանդիպումը մի փոքր հանգստացավ, սակայն, ինչ-որ պահից տանտերերը կրկին ակտիվացան ու 74-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի ջանքերով բացեցին հաշիվը, ով հեռահար հարվածով դարձավ անչափ շքեղ գոլի հեղինակ։

Հանդիպման վերջնամասում Սթիվեն Քենին փոփոխությունների միջոցով փորձեց բեկել հանդիպման ընթացքը, սակայն Հայաստանի հավաքականը շատ լավ էր պաշտպանվում, իսկ խփած գնդակը մեր տղաներին վստահություն տվեց։

Ի վերջո, Հայաստանի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Նշենք, որ Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին և հյուրընկալվելիս կմրցի Շոտլանդիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022