Կրկին վճռորոշ դարձավ 11 մետրանոց հարվածը?
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Ռեալը» Բասկոնիայի մայրաքաղաք Բիլբաոյում հյուրընկալվել էր «Ատլետիկին»։
Հանդիպման գրեթե ողջ ընթացնքն անցավ ցածր տեմպով և առանց պահերի, երբեմն նաև անհետաքրքիր պայքարում։ Առաջին խաղակեսում կողմերը մեկական անգամ փոխանակվեցին վտանգավոր պահերով, հատկապես հիշատակման է արժանի Ռաուլ Գարսիայի գլխով կատարած հարվածը, սակայն Տիբո Կուրտուան փրկեց «արքայական» ակումբին։
Երկրորդ խաղակեսում «Ռեալը» տիրեց նախաձեռնությանը, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ «Ատլետիկի» ֆուտբոլիստները հստակ կատարում էին իրենց գործը՝ հեշտությամբ հետ մղելով գրոհները, սակայն 72-րդ րոպեին, ամեն դեպքում, Զինեդին Զիդանի սաները գտան իրենց պահը։
Հարձակման ձախ եզրով Մարսելոն մտավ մրցակցի տուգանային հրապարակ, ում կասեցրին միայն կանոնների խախտման գնով։ Հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը անմիջապես չնշանակեց 11 մետրանոց հարված, սակայն գնաց անձամբ դիտեց տեսակրկնապատկերը, իսկ այնուհետև ցույց տվեց կլոր նշակետը։ Հերթական անգամ գնդակին մոտեցավ Սերխիո Ռամոսը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
Խաղավերջում էլ «Ռեալը» հանգիստ պայքարում հանդիպումը մոտեցրեց իր տրամաբանական ավարտին։
«Ռեալը» առաջնության վերսկսումից հետո հաղթել է բոլոր 7 խաղերում, ինչը հնարավորություն է տալիս էլ ավելի մոտենալ չեմպիոնական տիտղոսին։ «Արքայական» ակումբը վաստակեց 77 միավոր և այժմ 7 միավորի տարբերությամբ գերազանցում է մոտակա հետապնդող «Բարսելոնային», որն իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ ուշ երեկոյան՝ հյուրընկալվելով «Վիլյառեալին»։ «Ատլետիկը» մնաց 48 միավորով ՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
# Ատլետիկ Բիլբաո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս