Կոսովոյի դեմ հանդիպումը հոբելյանական է լինելու Հայաստանի հավաքականի համար
Մարտի 22-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի թիմի դեմ։ Այդ օրը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոբելյանական` 250-րդ հանդիպումը։
Նախորդ 249 խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 62 հաղթանակ, 53 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 134 պարտություն, խփել 253 գոլ, բաց թողել 444 գնդամ։
Հայաստանի հավաքականն այդ ընթացքում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Հյուսիսային Մակեդոինայի թիմի դեմ։ Մեր թիմը հյուսիսմակեդոնացիներին հանդիպել է 13 անգամ, տարել 4 հաղթանակ, 3 անգամ գրանցել ոչ-ոքի ու կրել 6 պարտություն։
Նախորդ 249 խաղերում Հայաստանի հավաքականն ամենաշատ հաղթանակները տարել է Անդորրայի դեմ խաղերում` առավելության հասնելով 7 անգամ։ Այդ ցուցանիշով հաջորդում են Մալթայի, Ղազախստայի և վերոնշյալ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնց հաղթել ենք 4-ական անգամ։
Հայաստանի հավաքականն ամենաշատ պարտությունները կրել է Ուկրաինայից` զիջելով 7 անգամ։ Դանիային, Իսպանիայի ու Հյ. Մակեդոնիային պարտվել ենք 6 անգամ։
Հայաստանի հավաքականի պատմության ամենահաջող մրցակիցը Անդորրան է, որին մեր թիմը հանդիպել է 8 անգամ, տարել 7 հաղթանակ, 1 անգամ գրանցել ոչ-ոքի։ Անդորրային հաջորդում են Մալթան (6 հանդիպում, 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն), Ղազախստանը (7 հանդիպում, 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն) և Լիխտենշտեյնը (6 հանդիպում, 3 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։
Հայաստանի հավաքականի պատմության ամենաանհաջող մրցակիցն Իսպանիան է, որին անցկացրած 6 խաղում էլ պարտվել ենք։ «Ֆուրիա ռոխային» հաջորդում են Ֆրանսիան (5 խաղ, 5 պարտություն), Գերմանիան (5 խաղ, 5 պարտություն), Ֆինանդիան (6 խաղ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն), վերոնշյալ Ուկրաինան (10 խաղ, 3 ոչ-ոքի, 7 պարտություն)։
Հայաստանի հավաքականն ամենաշատ գոլերը խփել է Անդորրային` մրցակցի դարպասը գրավելով 20 անգամ։ Անդորրացիներին հաջորդում են Հյ. Մակեդոնիան (18), Ղազխաստանը (12) և Լիխտենշտեյնը (10)։
Ամենաշատ գնդակներ մեր թիմը բաց է թողել Գերմանիայից և Ուկրաինայից` 25-ական, որոնց հաջորդում են Հյ. Մակեդոնիան (23), Իտալիան (18) և Իսպանիան (16)։
Հայաստանի հավաքականը Սալվադորի, Հորդանանի, Լիբանանի, Սենթ-Քիթս և Նևիսի ու Թուրքմենստանի դեմ խաղերում գնդակ բաց չի թողել, որոնց դեմ անցկացրել է միայն մեկ հանդիպում։
Հայաստանի հավաքականը Նիդերլանդների, Հորդանանի, ԱՄՆ-ի, Հուգարիայի, Իսրայելի, Էկվադորի, Պերուի, Մարոկկոյի և Չիլի դեմ խաղերում չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Նշված հավաքականներից միայն Նիդերլանդների դեմ է Հայաստանի թիմը անցկացրել երկու հանդիպում, մյուս բոլորի հետ խաղացել միայն մեկ անգամ։
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Հենրիխ Մխիթարյան – 32 գոլ
- Յուրա Մովսիսյան – 14
- Գևորգ Ղազարյան – 14
- Մարկոս – 11
- Արթուր Պետրոսյան – 11
- Էդգար Մանուչարյան – 9
- Տիգրան Բարսեղյան – 9
- Արա Հակոբյան – 7
- Ալեքսանդր Կարապետյան – 6
- Արաս Օզբիլիս – 6
Ամենաշատ հանդիպումներ անցկացրել են հետևյալ ֆուտբոլիստները.
- Սարգիս Հովսեփյան – 133
- Հենրիխ Մխիթարյան – 95
- Ռոման Բերեզովսկի – 94
- Վարազդատ Հարոյան – 79
- Գևորգ Ղազարյան – 78
- Կամո Հովհաննիսյան -78
- Ռոբերտ Արզումանյան – 75
- Արթուր Պետրոսյան – 69
- Մարկոս – 68
- Հարություն Վարդանյան – 63
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական