Կոուտինիոյի ֆանտաստիկ վերադարձն ԱՊԼ. Աստոն Վիլլան ու ՄՅՈՒ-ն հիասքանչ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Կարելի է ասել` մանկունյական ակումբը հանդիպումն սկսեց հաղթողի կարգավիճակում, քանի որ արդեն 6-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. Բրունո Ֆերնանդեշի հեռահար հարվածից հետո անչափ անհաջող գործեց «Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը և գնդակն ոտքերի արանքով բաց թողեց դեպի դարպասը։
Խփած գոլից հետո էլ «Յունայթեդը» ավելի լավ տեսք ուներ և վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն առաջին կեսի միջնամասից սկսած տանտերերը տիրեցին նախաձեռնությանը և մի շարք գոլային պահեր ստեղծեցին, սակայն «կարմիր սատանաներին» մի քանի անգամ փրկեց դարպասապահ Դավիդ դե Խեան։
Երկրորդ կեսի մեկնարկից Սթիվեն Ջերարդի սաները նետվեցին առաջ` փրկելու հանդիպումը։
49-րդ րոպեին «Վիլլա Պարկի» լուսատախտակին 1:1 հաշիվը կարող էր վառել Ջեյքոբ Ռեմզին, ում հարվածից հետո կրկին փայլեց դե Խեան։
Գրոհեցին տանտերերը, սակայն 67-րդ րոպեին Ռալֆ Ռանգնիկի սաները նետվեցին կտրուկ հակագրոհի ու կրկնապատկեցին իրենց առավելությունը. կրկին գոլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերանդեշը` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։
Թվում էր` հյուրերը գործնականում հանեցին հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն բաց թողած երկրորդ գոլից անմիջապես հետո Սթիվեն Ջերարդը դաշտ դուրս բերեց թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինիոյին, ով 4 տարի անց վերադարձավ անգլիական Պրեմիեր լիգա։
Այդ փոփոխությունը պարզապես բեկեց հանդիպման ընթացնքն, իսկ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը ոչ միայն կրճատեց, այլև հավասարեցրեց հաշիվը։
Նախ 77-րդ րոպեին Կոուտինիոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Ջեյքոբ Ռեմզին, ապա 82-րդ րոպեին Ռեմզին բրազիլացի ֆուտբոլիստին վերադարձրեց «պարտքը», ինչից հետո Կոուտինիոն հավասարեցրեց խաղի հաշիվը։
Խաղավարտին մոտ այլևս գոլեր չգրանվեցին, իսկ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «կարմիր սատանաները» վաստակեցին 32 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։
«Աստոն Վիլլան», 23 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բրունո Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյքոբ Ռեմզի, Ռալֆ Ռանգնիկ, Սթիվեն Ջերարդ, Ֆիլիպե Կոուտինիո