Կիկե Սետիենի էպոպեան մոտ է ավարտին?
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Խաղը բավականին ակտիվ պայքարում սկսվեց, ինչի արդյունքում թիմերն արագ փոխանակվեցին խփած գնդակներով։ 11-րդ րոպեին Լեո Մեսսիի իրացրած անկյունային հարվածից հետո «Ատլետիկոյի» տուգանային հարվածում ոչ ոք չհասկացավ, թե Դիեգո Կոստան ինչպես գրավեց սեփական դարպասը։
Բաց թողած գոլից հետո «հնդկացիները» իրենց առաջին իսկ լուրջ վտանգավոր գրոհի ժամանակ վաստակեցին 11 մետրանոց հարված։ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն հարձակման ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, իսկ Արթուրո Վիդալը բելգիացի վինգերին կասեցրեց միայն կանոնների խախտման գնով։
Գնդակին մոտեցավ Դիեգո Կոստան, սակայն իսպանաբրազիլացի հարվածից հետո կատալոնական ակումբին փրկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը կրկին ցույց տվեց նշակետը, քանի որ գերմանացի դարպասապահը նախքան Կոստայի հարվածը դուրս էր եկել իր տեղից։ Այս անգամ գնդակին մոտեցավ Սաուլ Նիգեսը, ով էլ հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։
Բաց թողած գոլից հետո «կապտառնագույնները» 22-րդ րոպեին կարող էին միանգամից կրկին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն աջ եզրից Լեո Մեսսիի կատարած պտտեցրած հարվածից հետո գնդակը հպվելով դարպասաձողին դուրս եկավ դաշտի դիմային գծից։
42-րդ րոպեին Լեո Մեսսին աչքի ընկնելու ևս մեկ լավ հնարավորություն ուներ, սակայն նրա իրացրած տուգանային հարվածից հետո Յան Օբլակը փրկեց մադրիդյան ակումբին։
Երկրորդ խաղակեսը կողմերը նույնպես մեկնարկեցին բավականին ակտիվ, ինչի արդյունքում 50-րդ րոպեին արդեն կատալոնական ակումբը վաստակեց 11 մետրանոց հարված։ Նելսոն Սեմեդուն ներխուժում էր «հնդկացիների» տուգանային հրապարակ, սակայն Ֆելիպեն կանոնների խախտում թույլ տվեց պորտուգալացի պաշտպանի նկատմամբ։ Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին, ով սառնասրտորեն իրացրեց 11 մետրանոցը՝ գնդակը Յան Օբլակի դարպասն ուղարկելով «պանենկա» ոճի հարվածով։ Այդ գոլի շնորհիվ Մեսսին իր կարիերայում դարձավ 700-րդ գոլի հեղինակ։
62-րդ րոպեին հերթական 11 մետրանոց հարվածը նշանակվեց, սակայն արդեն հակառակ ուղղությամբ։ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն կրկին ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ, իսկ Նելսոն Սեմեդուն միայն կանոնների խախտման գնով կասեցրեց Կարասկոյին։ Հանուն արդարության՝ նշենք, որ այդ դրվագում տպավորություն էր, որ ընդհանրապես խախտում չկար․ Կարասկոն դիպավ ինքն իր ոտքին և ընկավ։ Սակայն, մրցավարները չփորձեցին նույնիսկ օգտվել VAR համակարգից։ Համենայն դեպս, տպավորությունն այպիսին էր, որ կանոնների խախտում տեղի չէր ունեցել։
Գնդակին կրկին մոտեցավ Սաուլը․ նրա հարվածը հաջող չէր ստացվել և քիչ էր մնում Տեր Շտեգենը կրկին որսար հարվածը, սակայն գերմանացու բախտը չժպտաց, և գնդակը հայտնվեց ցանցում։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» ամեն կերպ փորձում էր հաղթանակ կորզել, սակայն ոչինչ չէր ստացվում։ «Ատլետիկոն» գրեթե ամբողջ կազմով պաշտպանվում էր, իսկ այդ բազմաշերտ պաշտպանությունը ճեղքելն անչափ դժվար էր։ Այսպիսով, գրանցվեց 2։2 հաշիվը։
Չենք կարող չնշել, որ կատալոնական ակումբը հերթական թույլ հանդիպումն անցկացրեց։ Ակնհայտ է, որ թիմի ներսում հարաբերություններն անչափ լարված են, ինչն էլ արդեն ազդում է թիմի արդյունքների վրա։ Միանշանակ՝ առաջինը հարվածի տակ ընկնելու է Կիկիե Սետիենը, ով տարօրինակ որոշումներ է կայացնում։ Սետինեը տեսնելով, որ «Բարսայի» խաղն ակնհայտ չի ստացվում հարձակման գծում՝ ժամանակին խաղադաշտ դուրս չի բերում Անսու Ֆաթիին կամ Անտուան Գրիզմանին։ Գրիզմանը խաղադաշտում հայտնվեց 90-րդ րոպեին, իսկ Ֆաթին՝ 85-րդ, ովքեր միանշանակ չհասցրին մտնել խաղի մեջ։ «Բարսելոնայի» խաղում անչափ շատ են ավելորդ փոխանցումները․ ոչ մի ֆուտբոլիստ չի ցանկանում խաղը վերցնել իր վրա՝ վճռելով դրվագի ելքը։ Դժվարանում ենք հավատալ, որ Կիկե Սետիենը իր սաներին հրահանգավորել է հասնել մրցակցի տուգանային հրապարակ և անընդհատ հետ փոխանցում կատարել։ Դրա փոխարեն կարելի է գնդակը գոնե փորձել «կախել» մրցակցի տուգանային հրապարակ։ Այսպես շարունակվելու դեպքում Կիկե Սետիենը, իրոք, կկորցնի իր աշխատանքը։
Բացի վերոնշյալից՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների խաղում չկա կրակ, չկա ցանկություն, խաղացողները պարզապես ավարտին են հասցնում առաջնությունը։ Երբեմնի հզորագույն «Բարսելոնան» մեր աչքի դիմաց տապալվում է բոլոր խաղային և ոչ խաղային ասպեկտներում։
Այսպիսով, «Բարսելոնան» հերթական կարևոր միավորներն է կորցնում։ Կատալոնական ակումբը վաստակեց 70 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ Առաջնության առաջատարը «Ռեալն» է, որն ունի 71 միավոր։ «Արքայական» ակումբն իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հուլիսի 1-ին՝ մրցելով «Խետաֆեի» դեմ, և եթե Զինեդին Զիդանի սաները հաղթեն, ապա 4 միավորի առավելություն ձեռք կբերեն իրենց հիմնական մրցակցից։ «Ատլետիկոն» 59 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կիկե Սետիեն, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Սաուլ Նիգես