Կապառոս. «Տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը»
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։
Դուբլինի «Ավիվա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
– Արդյո՞ք կարող եք վաղը կրկնել այն ,ինչ արեցիք Երևանում Իռլանդիայի դեմ խաղում:
– Հենց դրա համար էլ եկել ենք: Վաղը մենք երկու կարևոր նպատակ ունենք: Առաջինն այն է, որ ազատվենք այն տպավորություններից, որ ստեղծվել են վերջին խաղից հետո: Մենք գիտակցում ենք, որ այն մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է ազգային հավաքականին:
Մյուս նպատակն այն է, որ կարողանանք պահպանել մեր տեղը այս խմբում, որը բավականին բարդ խումբ է: Սակայն հասել ենք վերջին խաղին և ունենք մաթեմատիկական շանսեր մեր տեղը պահպանելու համար: Գիտենք, որ Իռլանդիայի հավաքականը բավականին ուժեղ թիմ է և խաղում է սեփական հարկի տակ, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր նպատակին:
– Եթե դուք հաղթեք, կստիպեք Իռլանդիայի հավաքականին լքել B լիգան և տեղափոխվել C լիգա: Արդյո՞ք դա այն է, ինչ ուզում եք անել:
– Իհարկե, այո:
– Երկրպագուների և լրագրողների արձագանքը Ուկրաինայի դեմ խաղից հետո բավականին բացասական էր: Արդյո՞ք Դուք դա զգում եք և արդյո՞ք զգում եք ճնշում Ձեզ վրա այդ խաղից հետո:
– Իհարկե մեր երկրպագուները շատ մեծ ցավ ապրեցին, ինչպես նաև բոլոր ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, բոլորը: Մենք այժմ ցանկանում ենք փոխել այն, ինչ ստեղծվեց Ուկրաինայի դեմ հանդիպումից հետո և ապացուցել, որ մենք բավականին մրցունակ թիմ ենք և արժանի ենք նրան, որ հանդես գանք այսպիսի բարդ խմբում:
– Ճի՞շտ է, որ Հարոյանն ու Սպերցյանը վաղը կվերադառնան որակազրկումից հետո և արդյո՞ք կազմում ունեք վնասվածքներ, թե՞ ոչ:
– Բնականաբար երկուսն էլ վերադարձել են: Հարոյանը թիմի ավագն է և իր բնավորությամբ և անհատականությամբ շատ մեծ նշանակություն ունի մեր թիմի համար և ընդհանրապես խաղի վրա շատ մեծ ազդեցություն ունի: Սպերցյանը այն ֆուտբոլիստն է, որը շատ տաղանդավոր է և դեռ շատ աճելու տեղ ունի: Մենք հուսով ենք, որ երկուսն էլ վաղը դաշտ դուրս կգան:
Ինչ վերաբերում է վնասվածքներին, ապա, բարեբախտաբար, վնասվածքներ չունենք:
– Արդյո՞ք սա Ձեր վերջին խաղն է հավաքականի ղեկին և եթե այդպես է, Դուք ունե՞ք ինչ-որ բան ապացուցելու և հեռանալու բարձր նոտայով:
– Իրականում իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի վերջին, և տեսականորեն սա կարող է լինել իմ վերջին հանդիպումը: Բնականաբար ոչ միայն մարզչական շտաբը, այլև բոլորն են ցանկանում լավ հանդիպում անցկացնել և հասնել այն նպատակին, որ թիմը պահպանի իր տեղը այս խմբում: Սակայն սպասենք վաղվան և տեսնենք, թե ինչ տեղի կունենա:
– Ես հասկանում եմ, որ մարզիչը իսպանացի է և միգուցե չհիշի, բայց արդյո՞ք նա տեղյակ է 2011 թվականին այստեղ կայացած հանդիպումից, երբ բավականին ծանր խաղ ստացվեց հավաքականի համար, և արդյո՞ք վաղվա հանդիպումը կարող է լինել ռևանշի հասնելու հնարավորություն ձեր թիմի համար:
– Ինչ խոսք, ես գիտեմ պատմությունը և գիտեմ նաև այն, որ իսպանացի մրցավար էր սպասարկում այդ հանդիպումը, քանի որ այդ մրցավարի հետ ընկերական հարաբերություններ ունենք:
Բայց դա արդեն պատմություն է, տեսնենք, թե ինչ կլինի վաղը:
Հիշեցնենք, որ Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Իռլանդիա-Հայաստան, Խոակին Կապարոս, Հայաստանի-առաջնություն