Կապառոս. «Թիմը շատ մոտիվացված է. դա երևում է մարզումների ժամանակ»

Կապառոս. «Թիմը շատ մոտիվացված է. դա երևում է մարզումների ժամանակ»

04/06/2022 - 10:26

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի  նախախաղային մամուլի ասուլիսը.

Որքանո՞վ է առաջխաղացումը C լիգայից B լիգա վստահություն հաղորդել նրան և որքանո՞վ դժվար կլինի Հայաստանի հավաքականի համար արդեն B լիգայում:

– Երբ մենք C լիգայից բարձրացանք B լիգա, ֆուտբոլիստները մեծ վստահություն ձեռք բերեցին իրենց ուժերի նկատմամբ: Մենք գիտակցում ենք այն բարդությունը, որ կապված է այս խմբում հանդես գալու հետ: Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին, վստահությամբ ենք ներշնչված մեր ուժերի հանդեպ: Եվ, իհարկե, մեր երկրպագուների օգնությամբ կփորձենք լավ խաղ ցուցադրել առաջիկա հանդիպման ընթացքում: Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք և մրցակցում ենք ամենաբարձր մակարդակի վրա:

Որքանո ՞վ է թիմը մոտիվացված՝ հաշվի առնելով 2011 թվականի Իռլանդիա-Հայաստան խաղում գրանցված արդյունքը:

– Թիմը շատ մոտիվացված է, դա երևում է մարզումների ժամանակ: Շատ հեշտ է այս թիմի խաղացողներին մոտիվացնել, որովհետև նրանք նվիրված են իրենց թիմին, իրենց երկրին: Այդ իսկ պատճառով մենք պետք է խաղից խաղ առաջ շարժվենք, և շատ մեծ խանդավառությամբ ու սպասելիքներով մոտենանք այս խաղին՝ բնականաբար, ամենայն հարգանքով վերաբերվելով մրցակցին, որը շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ունի:  

Ինչպիսի՞ն էր ձեր խաղացողների արձագանքը Նորվեգիայի դեմ խաղի արդյունքի վերաբերյալ:

– Չեմ ուզում, որ ինձ հիշեցնեք այդ խաղը: Իհարկե, ծանր հարված էր բոլորիս համար, սակայն մենք կփորձենք վերականգնվել այդ խաղից հետո: Հուսանք, որ այս պարտությունը կծառայի նրան, որ մեր թիմը ավելի մեծ աճ գրանցի:

Լուկաս Սելարայանը չժամանեց Հայաստանի հավաքական վնասվածքի պատճառով, կային ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին հրավիրվել և ինչ-ինչ պատճառներով չեն հրավիրվել: Երկու ֆուտբոլիստի անուն կտամ՝ Արթուր Միրանյան  և Ժիրայր Շաղոյան: Արդյո՞ք նրանք այս պահին պարաստ չէին հավաքականին օգնելու և մասնավորապես Շաղոյանը, որը երիտասարդական հավաքականում է, իսկ այդ հավաքականը մեծ հաշվով խնդիր չէր լուծում:

– Բնականաբար կարող էին լինել ֆուտբոլիստներ և ոչ միայն ձեր նշած երկու ֆուտբոլիստները, այլև բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս մեր ազգային առաջնությունում: Այն խաղային որակների համար, որ ցանկանում ենք ստանալ այս հանդիպումների հետ կապված, մենք ունենք չորս հարձակվող: Այնպես որ մեր ցուցակը վատը չէ, սակայն միշտ էլ կարելի է քննարկել, և լավ նշան է, որ մարզասերները, ինչպես նաև լրագրողները քննարկում են և հարցեր են բարձրացնում դրա վերաբերյալ:

Չորս դարպասապահ եք հրավիրել առաջիկա խաղերի համար, հարցս վերաբերում է Ստանիսլավ Բուչնևին: Լուրջ վնասվածք ուներ, երկար ժամանակ ապաքինվում էր, որից հետո խաղային պրակտիկայի խնդիր ունի: Ի՞նչ դրդապատճառներից ելնելով եք հրավիրել Բուչնևին և որպես շարունակություն նշեմ, որ ունենք Արամ Հայրապետյան, ով Ղազախստանի Պրեմիեր լիգայում համարվում է իր թիմի հիմնական դարպասապահը և բավականին փորձառու է: Արդյո՞ք դիտարկվում է Արամ Հայրապետյանը որպես հավաքականի թեկնածու, թեկուզ որպես պահեստային դարպասապահ: Եթե այո, ապա ինչո՞ւ թեկուզ այս պարագայում հրավեր չի ստանում:

– Բնականաբար մենք ելնում ենք վաղվա հանդիպումից՝ կազմելով մեր ցուցակը: Մեզ հետաքրքիր է խաղը: Դուք խոսում եք ցուցակից, իսկ մեզ հետաքրքրում է խաղը: Բայց ես կպատասխանեմ այդ հարցին: Այդ վնասվածքը կար, և այժմ նա շատ լավ ռիթմով պարապում է: Դրա ապացույցն այն է, որ մենք ստուգում ենք ֆուտբոլիստներին և նրանց ֆիզպատրաստության աստիճանը: Բնականաբար, դուք էլ եք դա տեսնում: Այժմ նրա ֆիզպատրաստության վիճակը ավելի լավ է, քան մեր վերջին հավաքի ժամանակ:

Ինչ վերաբերում է Հայրապետյանին, մենք դիտարկում ենք բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:

Ի՞նչ կարծիք ունեք Իռլանդիայի հավաքականի մասին:

– Լավ հավաքական է: Ֆուտբոլիստները շատ բարձրակարգ թիմերում են հանդես գալիս, նրանց հարգում ենք, սակայն մենք էլ ունենք մեր ֆուտբոլային առաքինությունները: Նման թիմերի դեմ մենք պետք է գրագետ թիմային խաղ ցուցադրենք: Մեզ համար ճոխություն է հանդես գալ Ազգերի լիգայի B լիգայում: Պետք է հաճույք ստանալ այս ամեն ինչից: Մրցաշարը ցույց կտա, թե մինչև ուր կարող ենք հասնել: Ինչ վերաբերում է ցանկությանը, խանդավառությանը, այս հարցում մրցակիցները մեզ չեն գերազանցի: 10 օրվա ընթացքում 4 հանդիպում անցկացնելը պարզապես խելագարություն է:

Որքանո՞վ եք կարևորում Ազգերի լիգայի ընտրական փուլը տնային խաղով սկսելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ սեփական հարկի տակ և երկրպագուների աջակցությամբ լավ արդյունքը կարող է խթան հանդիսանալ հետագա լավ ելույթների համար:

– Իհարկե, մրցաշարում առաջին հանդիպումը սեփական հարկի տակ խաղալը շատ կարևոր է: Բայց անկախ այս հանդիպման արդյունքից մենք ևս դեռ երեք հանդիպում պետք է անցկացնենք: Մենք առաջ պետք է շարժվենք քայլ առ քայլ: Խաղալ առաջին խաղը 100-տոկոսանոց կենտրոնացվածությամբ և հետո արդեն մտածել հետագա հանդիպումների մասին:

Իռլանդիայի հավաքականը 3 պաշտպանով է սիրում խաղալ երկու մարտավարությամբ՝ 3-5-2 և 3-4-3: Արդյո՞ք 4-4-2-ը Ձեր սիրած մարտավարությունը պատրա՞ստ է դիմակայել Իռլանդիային:

– Վաղը կտեսնենք: Շեշտեմ նորից, որ մենք մեծ սպասելիքներով ենք մոտենում այս հանդիպմանը։

9-0 հաշվով պարտությունից հետո ի՞նչ պետք է տեղի ունենա, որ Դուք հրաժարական տաք:

– Գոյություն ունի պամանագիր, որը պետք է հարգել, և այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է: Իմ երկրում սովոր են հարգել պայմանագիրը և վերջ: Ես չգիտեմ այստեղ ինչպես են մարդիկ վարվում և ինչին են սովոր, բայց իմ երկրում և բարձր մակարդակի վրա հանդես գալիս ընդհանրապես սովոր են հարգել պայմանագիրը:

Մեր ֆուտբոլային հասարակությունը սիրում է ծայրահեղություններ: Կարող ես հաղթել 3 խաղ և քեզ կաստվածացնեն, հաջորդ խաղին կարող ես պարտվել և կպահանջեն բոլորի հրաժարականը: Երկրպագուները ինչ-որ տեղ նաև հիասթափված են: Ի՞նչ հաղորդագրություն մարզիչը կցանկանա փոխանցել երկրպագուներին, որ նրանք նորից հավատով լցվեն դեպի մեր հավաքականը ու գան մարզադաշտ աջակցելու նրանց:

– Մենք անհամբեր սպասում ենք վաղվա խաղին և կփորձենք հաճույք ստանալ՝ խաղալով B  լիգայում, որտեղ Հայաստանի հավաքական իր պատմության մեջ առաջին անգամ է խաղալու: Կփորձենք առավելագույնը տալ մեր մարզասերներին և ուրախություն պարգևել:

Հիշեցնենք, որ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին` 17:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022