Կադիսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` կապված ուշագնաց եղած երկրպագուի հետ
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Կադիսին»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ հանդիպումն արտառոց ընթացք էր ստացել. 82-րդ րոպեին «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, ով ուշագնաց էր եղել, ինչի հետևանքով հանդիպումը դադարեցվել էր մոտ կես ժամով։
Հանդիպումից հետո «Կադիսը» կատարվածի առթիվ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Երբ ավարտվեց «Բարսելոնայի» դեմ հանդիպման 81-րդ րոպեն, մարզադաշտի հարավային տրիբունայից ստացված առողջական կանչի հետևանքով այն դադարեցվեց։
Մարզադաշտում գտնվող Կարմիր խաչի ներկայացուցիչները գործեցին բավական արագ` օգնելով սրտի կաթված ստացած երկրպագուին։
Բուժանձնակազմը դեֆիբրիլիատորով (խմբ.` սրտի զարկերակային աշխատանքը խթանող սարք) և այլ բոլոր անհրաժեշտ սարքերով բարձրացան տրիբունա` սկսելով վերակենդանացման աշխատանքները։
Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» բուժանձնակազմը տրամադրեց նաև ևս մեկ դեֆիբրիլիատոր, որը տրիբունա հասցրին ֆուտբոլիստները։
Կարճ ժամանակ անց վերակենդանացման աշխատանքները տվեցին դրական արդյունք, ինչից հետո երկրպագուն շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Պուերտա դել Մար հոսպիտալի Ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ էլ այժմ շարունակում է գտնվել։
Բացի դրանից, տրիբունաներից մեկի օպերատորը նույնպես ուշագնաց էր եղել, սակայն, բարեբախտաբար, բուժանձնակազմի արագ արձագանմքան շնորհիվ, ամեն ինչ ավարտվեց առանց լուրջ հետևանքների։
Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել հարավային տրիբունայում հավաքված երկրպագուներին, ինչպես նաև մարզադաշտի անվտանգության ու Կարմիր խաչի բուժանձնակազմի աշխատակիցներին` նման իրավիճակում օրինակելի վարքի և արագ արձագանքման համար, ինչի հետևանքով ամեն ինչ երջանիկ ավարտ ունեցավ»,- նշված է անդալուսական ակումբի պաշտոնական կայքում տարածած հայտարարության մեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Կադիս