«Խթաններն» անակնկալ մատուցեցին` հաղթելով Մանչեսթեր Սիթիին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»։
Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո, սակայն կողմերը ոչ մի կերպ չէին կարողանում դիպուկ հարված կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, ինչը նպաստեց, որ նախքան ընդմիջման գնալն այդպես էլ գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսի մեկնարկը մասամբ անցնում էր Պեպ Գվարդիոլայի սաների առավելությամբ, սակայն «խթաններն» այդ առավելությունը շատ արագ կոտրեցին խփած գոլով։
55-րդ րոպեին լոնդոնյան ակումբը նետվեց կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում Հին Մին Սոնն այս խաղում կատարած առաջին դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։
60-րդ րոպեին Նունու Էսպիրիտու Սանտուի սաները ևս մեկ նմանատիպ հակագրոհ անցկացրին։ Այս անգամ էլ նպաստավոր դիրքում էր հայտնվել Սթիվեն Բերգվեյնը, սակայն նրա հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։
Այդ դրվագից հետո Գվարդիոլան մի շարք փոփոխություններ կատարեց, վերադասավորեց իր թիմի խաղը, իսկ «քաղաքաբնակներն» ակտիվացան, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ջեք Գրիլիշն ու Կևին դե Բրոյնեն։
Ամեն դեպքում, «Տոտենհեմին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը և անկանկալ հաղթանակ տոնել գործող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Հին Մին Սոն, Մանչեսթեր-Սիթի, Նունու Էսպիրիտու Սանտու, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ, Տոտենհեմ