Խետաֆեն սայթաքում է, դրամատիկ ավարտ Վալենսիայում?
Իսպանական Լա լիգան վերսկսումից հետո քիչ-քիչ թափ է հավաքում։ Երեկ՝ հունիսի 12-ին, 28-րդ տուրի շրջանակում կայացել է ևս երկու հանդիպում։
Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Խետաֆեն» բարդ արտագնա հանդիպում անցկացրեց «Գրանադայի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը, ինչի շնորհիվ 20-րդ րոպեին Մարկ Կուկուրելիայի փոխանցումից հետո Դավիթ Թիմորն առաջ մղեց հյուրերին։
Բաց թողած գոլից հետո «Գրանադան» ակտիվացավ, սակայն ստեղծած պահերը այնքան էլ վտանգավոր չէին։ Առաջին խաղակեսում այլևս դարպասի գրավում չարձանագրվեց։
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ «Գրանադայի» ֆուտբոլիստների առավելությամբ։ Տանտերերն ամեն ինչ անում էին, որպեսզի խփեն պատասխան գնդակը, սակայն վրիպում էին նպաստավոր դիրքերից և միայն 70-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկումից հետո Կառլոս Ֆերնանդեսը եզրափակեց Դարվին Մաչիսի փոխանցումը՝ հավասարեցնելով հաշիվը։
Խփած գնդակն էլ ավելի վստահություն տվեց տանտերերին, ինչի շնորհիվ 79-րդ րոպեին ևս մեկ անգամ աչքի ընկան։ Կրկին գոլի հեղինակ դարձավ Կառլոս Ֆերնանդեսը, ով ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 7-րդ գնդակը։
Այսպսիով, անդալուսական ակումբը հաղթեց 2։1 հաշվով և վաստակեց 41 միավոր՝ կտրուկ մոտենալով Եվրոպա լիգայի ուղեգիր տվող 7-րդ տեղին։ «Խետաֆեն» մնաց 46 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
«Վալենսիայի» «Մեստալիա» մարզադաշտում կայացավ հերթական վալենսիական դերբին, որի շրջանակում տանտերերի հյուրը «Լևանտեն» էր։
Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն «Վալենսիայի» գրոհներն ավելի վտանգավոր էին։ Առաջին խաղակեսում հատկապես հիշատակման է արժանի Կառլոս Սոլերի գոլային պահը, երբ 29-րդ րոպեին աջ եզրում զարգացած գրոհի եզրափակման փուլում երիտասարդ ֆուտբոլիստի հարվածից հետո «Լևանտեին» փրկեց դարպասաձողը։
Երկրորդ խաղակեսն էլ անցավ նույն սցենարով՝ կողմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն ահագին ժամանակ դարպասի գրավում չէր արձանագրվում։ Խաղի 74-րդ րոպեին «Լևանտեն» մնաց 10 ֆուտբոլիստներով, երբ հարձակվող Ռոխեր Մատրին գնդակի համար պայքարում կոպիտ խաղաց՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։
Խաղի վերջնամասը վերածվեց իսկական դրամայի։ Նախ 89-րդ րոպեին «Վալենսիային» հաջողվեց ի վերջո բացել խաղի հաշիվը։ Ձախ եզրից տանտերերի պաշտպան Խոսե Գայան հիանալի փոխանցում կատարեց դեպի Ռոդրիգո Մորենոն, ով մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը։
Երբ թվում էր՝ «Վալենսիան» անչափ կարևոր հաղթանակ կտանի, սակայն 95-րդ րոպեին հյուրերի իրացարած տուգանային հարվածի խաղարկումից հետո «չղջիկների» ֆուտբոլիստները խախտում թույլ տվեցին սեփական տուգանային հրապարակում։ Հանդիպան գլխավոր մրցավար Խավիեր Ալբեռոլա Ռոխասը VAR-համակարգի իր օգնականների հետ երկար քննարկելուց հետո, որոշեց ինքը դիտել տեսակրկնապատկերը, ինչից հետո 97-րդ րոպեին, ի վերջո, նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Գոնսալո Մելերոն։
«Վալենսիան» Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում անչափ կարևոր երկու միավոր կորցրեց։ «Չղջիկները» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 43 միավոր՝ մնալով 7-րդ հորիզոնականում, իսկ «Լևանտեն» վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
# Գոնսալո Մելերո, Գրանադա, Դավիդ Թիմոր, Դարվին Մաչիս, Լա-լիգա, Լևանտե, Խետաֆե, Խոսե Գայա, Կառլոս Ֆերնանդես, Մարկ Կուկուրելիա, Ռոդրիգո Մորենո, Վալենսիա