Խավի. «Ցանկանում եմ, որ մենք հաղթողի հոգեբանություն ունենանք»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է իր աշխատանքային սկզբունքների մասին.
«Մենք ցանկանում ենք շատ տիրել գնդակին, բարձր պրեսինգի դիմել, գնդակը վերադարձնել մեր դարպասից որքան հնարավոր է հեռու։ Երբ գնդակը քեզ մոտ է, հաղթելու հավանականությունն ավելի մեծ է։
Ցանկանում եմ, որ մենք հաղթողի հոգեբանություն ունենանք, որպեսզի ստեղծենք շատ գոլային պահեր, խաղանք առանց վախենալու և հաճախ մուտք գործենք մրցակցի տուգանային հրապարակ։
Մարզիչը հիմնարար տարր է, հոգևոր առաջնորդ ու առանցքային օղակ, սակայն նա դուրս չի գալիս խաղադաշտ, այդ պատճառով ավելի կարևոր են ֆուտբոլիստները։ Այդուհանդերձ, նրանց նույնպես պետք է ցույց տալ ճիշտ ճանապարհը, և եթե նրանք երջանիկ կլինեն իրենց կատարած աշխատանքից, հաճույք կստանան խաղից, ապա ավելի հեշտ կլինի նրանց ստիպել աշխատել այնպես, ինչպես անհրաժեշտ է։
Ես շատ գոհ եմ, քանի որ գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում։ Մենք ի զորու ենք հաղթել ցանկացած մրցակցի, սակայն դա դեռ պետք է ապացուցել։ Հաղթելն այժմ ավելի բարդ է, սակայն մենք «Բարսելոնան» ենք և պետք է ձգտենք կատարելության։
Մեզ համար կարևոր է գնդակով պաշտպանվել այնպես, որ մրցակիցը չստանա այն։ Մենք պետք է բարելավենք մեր խաղը շատ առումներով, հատկապես եթե հաշվի առնենք «Էսպանյոլի» դեմ հանդիպումը (1:0)»,- եզրափակել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի