Լևանդովսկի. «Նա ինձ համար և՛ երկրորդ հայր էր, և՛ «վատ» ուսուցիչ»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Յուրգեն Կլոպի մասին հիշողություններով․ լեհ հարձակվողը 2010-2014 թվականներին հանդես է եկել գերմանացի մասնագետի ղեկավարությամբ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։
«Յուրգենի հետ կարելի էր խոսել ամեն ինչի մասին․ նա ընտանեկան մարդ է։ Նա ինձ համար և՛ երկրորդ հայր էր, և՛ «վատ» ուսուցիչ․ «վատ»՝ այդ բառի լավ իմաստով։ Ո՞ր ուսուցչին ենք ամենալավը հիշում։ Ոչ նրան, ով հեշտացնում էր մեր կյանքը և ոչինչ չէր ակնկալում մեզանից, այլ նրան, ով խիստ էր, ճնշում էր մեզ և փորձում էր մեզ հասցնել լավագույն նվաճումների։ Միայն այդպիսի ուսուցիչն է մեզ համար լավագույնը, այդպես չէ՞։ Կլոպն այդպիսին էր։
Նա շատ բան է ինձ սովորեցրել․ օրինակ, երբ ես տեղափոխվեցի «Բորուսիա», մարզումների ժամանակ ցանկանում էի ուժգին փոխանցումները մշակել մեկ հպումով։ Յուրգենն ինց ասաց, որ պետք չէ շտապել և անհրաժեշտ է նման փոխանցումները երկու հպումով մշակել, ինչը դեմ էր իմ էությանը, սակայն ժամանակի ընթացքում ես սկսեցի ավելի շատ գոլեր խփել։
Երբ ես յուրացրեցի դասը, նա ինձ ասաց, որ արագ գործելու ժամանակն է և ստացվում է, որ նա ինձ դանդաղեցրեց, որ հետո ավելի արագացնի։ Շատ պարզ է հնչում, սակայն դա հնարամիտ քայլ էր»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում The player’s Tribune պարբերականը։
Լեհ հարձակվողը, ընթացիկ մրցաշրջանում բոլոր խաղերը միասին վերցրած, «Բավարիայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Յուրգեն-Կլոպ, Ռոբերտ-Լևանդովսկի