Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել Գրեմիոյի երկրպագուներին 🎥
Բրազիլական Ա սերիայի 2023 թ. մրցաշրջանի նախավերջին` 37-րդ տուրում «Գրեմիոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վասկո դա Գամային»։
Հանդիպման միակ գոլը խփեց Լուիս Սուարեսն` աչքի ընկնելով 46-րդ րոպեին։
36-ամյա ֆուտբոլիստը տնային վերջին հանդիպումն էր անցկացնում սեփական երկրպագուների ներկայությամբ և մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո հրաժեշտ է տվել նրանց։
«Էլ պիստոլերոյի» և «Գրեմիոյի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. դեկտեմբերի 31-ին, որը չի երկարաձգվելու, ինչից հետո ուրուգվայցի գոլահարը դառնալու է ազատ գործակալ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Սուարեսը կարիերան շարունակելու է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» կազմում, որտեղ հանդես են գալիս նաև «Բարսելոնայում» նրա նախկին խաղընկերներ Լեո Մեսսին, Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան։
Աղբյուրի փոխանցմամբ` մոտ ժամանակներս կողմերը կքննարկեն հավանական պայմանագրի բոլոր մանրամասները, որը լինելու է «1+1» ձևաչափով։
Հավելենք, որ Լուիս Սուարեսը «Գրեմիոյի» կազմում հանդես էր գալիս 2023 թ. հունվարից` անցկացրած 52 խաղում դառնալով 24 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլական Ա սերիա, Գրեմիո, Ինտեր-Մայամի, Լուիս-Սուարես, ՄԼՍ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո