Լոնդոնում թեժ էր. Չելսին ջախջախեց Տոտենհեմին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։
Ասել, թե հանդիպման առաջին կեսում կողմերից որևէ մեկն ուներ առավելություն, նշանակում է ոչինչ չասել, քանի որ խաղն ընթանում էր հավասար պայքարում` փոխնիփոխ գրոհների ներքո։
Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։
Հանդիպման երկրորդ կեսում «Չելսին» ապացուցեց իր բարձր կարգը և գրեթե կատարյալ խաղակես անցկացրեց։
Խաղակեսի հենց մեկնարկից «ազնվականները» տիրեցին նախաձեռնությանը և միանգամից ստացան երկու գնդակի առավելություն։
Նախ 49-րդ րոպեին անկյունանի խաղարկումից հետո աչքի ընկավ Տիագո Սիլվան, ապա 57-րդ րոպեին Նգոլո Կանտեի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Էրիկ Դայերից ու հայտնվեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասում։
Հանդիպման մնացած ժամանակածում էլ Թոմաս Տուխելի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն և կարող էին մի քանի գնդակ ևս ուղարկել «խցանների» դարպասը, սակայն նրանք ամեն անգամ վրիպում էին նպաստավոր դիրքերից։
Ի վերջո, 90+2-րդ րոպեին «թոշակառուները» հաշիվը ջախջախիչ դարձրեց հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Անտոնիո Ռյուդիգերը։
Այսպիսով, «Չելսին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» վաստակեց 13 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական։
Հավելենք, որ 13-ական միավոր ունեն նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն վերջիններս լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
«Տոտենհեմն» էլ մնաց նախապես վաստակած 9 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Նգոլո Կանտե, Չելսի, Տիագո Սիլվա, Տոտենհեմ