Լոթար Մաթեուսը Բավարիայի խորհուրդ է տվել, թե ում ձեռք բերի
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսը նախկին ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել ոչ թե «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեին, այլ «Լայպցիգից» Տիմո Վերներին։
«Բոլորին է հայտնի իմ վերաբերմունքը Վերների հանդեպ, և ես կարծում եմ, որ Լերոյ Սանեն այնքան էլ լավը չէ։ Տիմո Վերներն իմ տեսանկյունից ավելի շատ է համապատասխանում ներկայիս «Բավարիային»։ Նրա բնավորությունը համապատասխանում է ակումբի ղեկավարության սպասելիքներին։
Վերները տակտիկական առումով էլ է շատ ավելի ունիվերսալ, քանի որ կարող է հանդես գալ ինչպես Լևանդովսկիի դիրքում, այնպես էլ մի փոքր հետ քաշված և եզրում, և նրա տրանսֆերը կարող է ավելի էժան լինել։
Չեմ հասկանում, թե ինչո՞ւ ակումբը նրան պայմանագիր չառաջարկեց, երբ նա ավելի հասանելի էր, սակայն ավելի լավ է ուշ, քան երբեք։ Ընթացիկ մրցաշրջանում Վերներն ակնհայտ առաջընթաց է գրանցել, իսկ Սանեն վնասվածքի պատճառով ընդհանրապես խաղադաշտ դուրս չի եկել և խնդրում եմ՝ ինձ սխալ մի ընկալեք։ Այս երկու խաղացողներն էլ կօգնեն «Բավարիային», սակայն եթե ես ընտրություն կատարեի այդ երկուսի միջև, ապա կընտրեի հենց Վերներին»,- նշել է Մաթեուսը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
# Բավարիա, Լայպ, Լերոյ-Սանե, Լոթար Մաթեուս, Մանչեսթեր-Սիթի, Տիմո Վերներ