Լիվերպուլը շարունակում է հիացնել` երկու գնդակի տարբերությամբ հաղթելով Վիլյառեալին🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Վիլյառեալի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման մեկնարկից Յուրգեն Կլոպի թիմը տիրեց նախաձեռնությանը։
Մերսիսայդյան ակումբը ողջ առաջին խաղակեսի ընթացքում ուներ տարածքային ու խաղային տոտալ առավելություն, ինչի արդյունքում տանտերերը ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն մինչև ընդմիջման գնալը ոչ մի կերպ չհաջողվեց բացել խաղի հաշվիը։
Ունայի Էմերիի թիմն առաջին 45 րոպեների ընթացքում իրացրեց միայն մեկ անկյունային` հարձակման գծում աչքի չընկնելով որևէ այլ գործողությամբ։
Այն, ինչ «Լիվերպուլին» չհաջողվեց անել առաջին խաղակեսում, մերսիսայդյան ակումբն արեց երկրորդ կեսի հենց մեկնարկում։
Ընդ որում, Կլոպի թիմիը կարողացավ միանգամից երկու գնդակ ուղարկել «դեղին սուզանավի» դարպասը։
Նախ 53-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի կատարած փոխանցումից հետո գնդակն անդրադարձավ հյուրերի պաշտպան Պերվիս Էստուպինիանից ու հայտնվեց Խերոնիմո Ռուլիի պաշտպանած դարպասը, ապա 55-րդ րոպեին տանտերերը հիանալի գրոհ զարգացրին, որը եզրափակեց Սադիո Մանեն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Լիվերն» սկսեց «չորացնել» ու հանգստացնել հանդիպումն ու մոտեցնել այն տրամաբանական և հաղթական ավարտին։
Այսպիսով, մերսիսայդյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով` պատասխան խաղից առաջ ստանալով լուրջ առավելություն։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին` «Կերամիկա» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Խերոնիմո Ռուլի, Յուրգեն-Կլոպ, Ունայ-Էմերի, Չեմպիոնների-լիգա, Պերվիս Էստուպինիան, Ջորդան Հենդերսոն, Սադիո-Մանե, Վիլյառեալ