Լիվերպուլը մոտ է Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացնելուն
«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, օգոստոսի 10-ի երեկոյան էկվադորցի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել է «Լիվերպուլը», որը գործարքի դիմաց «ճայերին» առաջարկել է 110 մլն ֆունտ (մոտ 127 մլն եվրո)։
Մինչ այդ 21-ամյա կիսապաշտպանի համար մղվող պայքարում ֆավորիտը «Չելսին» էր։
Նախքան «Լիվերպուլի» առաջարկը, «ազնվականները» Կայսեդոյի դիմաց «Բրայթոնին» առաջարկել էին 100 մլն ֆունտ, ինչից անմիջապես հետո հետևել է հենց «Լիվերպուլի» ռեկորդային առաջարկը։
«Բրայթոնը» որոշել է Կայսեդոյին վաճառել այն ակումբին, որը պատրաստ է վճարել ավելի շատ գումար և ընդունել է «Լիվերպուլի» առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբն այժմ պատրաստում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի նախ խուսափի անակնկալներից, ապա մինչև օգոստոսի 11-ի երեկոյան կարողանա ավարտին հասցնել գործարքը։
Բացի դրանից, «Լիվերպուլը» ծրագրում է նաև նույն օրը կազմակերպել Կայսեդոյի բուժզննումը։
Ակնկալվում է, որ այսօր` օգոստոսի 11-ին, Մեծ Բրիտանիայի ժամանակով 10:00-ին (խմբ.` Երևանի ժամանակով 13:00-ին) տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կհաստատի, որ ակումբն ավարտին է հասցրել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է անգլիական Պրեմիեը լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Դեկլան Ռայսի ռեկորդը, ում դիմաց «Արսենալը», հավելավճարները ներառյալ, վերջերս «Վեսթ Հեմին» վճարել է 122 մլն եվրո։
Հավելենք, որ Մոյզես Կայսեդոն «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից` անցկացրած 53 խաղում դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, ԱՊԼ ռեկորդ, Բրայթոն, Լիվերպուլ, Մոյզես Կայսեդո, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո