Լիվերպուլը հաղթեց Սաութհեմպտոնին` կրկին սրելով չեմպիոնական պայքարը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Լիվերպուլը» «Սեյնթ Մերի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ «սրբերն» արդեն 13-րդ րոպեին Նաթան Ռեդմոնդի տպավորիչ գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։
Յուրգեն Կլոպի թիմը շատ արագ խփեց պատասխան գնդակը, սակայն 19-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի խփած գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրվեց։
Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը մերսիսայդյան ակումբը խփեց պատասխան գոլը. 27-րդ րոպեին աչքի ընկավ Տակումի Մինամինոն։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլն» ուներ տոտալ առավելություն և անդադար ճնշում էր մրցակցին, սակայն հյուրերի գրոհներում, կարելի է ասել, չկար սրություն։
Ի վերջո, 67-րդ րոպեին Կլոպի թիմը կարողացավ անկյունայինի խաղարկումից հետո առաջ անցնել հաշվի մեջ. գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ժոել Մատիպը։
Հանդիպման վերջնամասում Ռալֆ հազնհյութլի թիմն ուներ առավելություն, սակայն «Լիվերպուլը» պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 89 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ մերսիսայդյան ակումբը մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Սիթիին» զիջում է ընդամենը 1 միավոր։
«Սաութհեմպտոնը», 40 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժոել Մատիպ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Նաթան Ռեդմոնդ, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն, Տակումի Մինամինո