Լա լիգայի և Սեգունդայի հաջորդ երկու տուրերը կանցկացվեն առանց հանդիսականների
Լա լիգան պաշտոնապես հայտարարել է, որ իսպանական Պրեմիերայի և Սեգունդայի հաջորդ երկու տուրերը կորոնավիրուսի տարածման պատճառով կանցկացվեն առանց հանդիսականների։ Այս մասին փոխանցում է AS-ը։
Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել Առողջապահության նախարարության զեկույցից և հորդորից հետո։
Պլանավորված է, որ առայժմ միայն առաջիկա երկու տուրերի խաղերն են անցկացվելու առանց հանդիսականների, սակայն իրավիճակից ելնելով, հիվանդության դեմ պայքարի այլ միջոցներ ևս կկիրառվեն։
Լա լիգայի ղեկավարությունն աշխատում է այն ուղղությամբ, որ առաջնությունն ընթանա առանց ընդհատումների և բնականոն հունով ավարտվի այն։
Ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – «Նապոլի» դիմակայության պատասխան հանդիպումը «Կամպ Նոու» մարզադաշտում կանցկացվի առանց հանդիսականների։
Նշենք, որ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 1200-ի։
# Լա-լիգա, կորոնավիրուս, Սեգունդա