Լա լիգայի պատմության ամենաշատ 11-մետրանոց հետ մղած դարպասապահը վերադարձավ իսպանական ֆուտբոլ
Ինչպես տեղեկացնում է «Սելտայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսի հետ։
Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ 37-ամյա դարպասապահը Լա լիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի, քանի որ 2007-11 թթ. պաշտպանել է «Ալմերիայի», իսկ 2011-17 թթ.` «Վալենսիայի» գույերը։
Բրազիլացի դարպասապահը Լա լիգայում անցկացրել է 270 հանդիպում` 60 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հատկանշական է, որ Ալվեսը Լա լիգայի պատմության ամենաշատ 11-մետրանոց հետ մղած դարպասապահն է։
Լա լիգայի շրջանակում նշանակված 47 11-մետրանոցներից 22-ը բրազիլացի դարպասապահը հետ է մղել։
Առհասարակ ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում Ալվեսի դարպասին նշանակվել է 70 11-մետրանոց, որոնից 28-ը նա հետ է մղել։
Հավելենք, որ վետերան դարպասապահի վերջին ակումբը «Ֆլամենգոն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 182 խաղում դարպասը 72 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Դիեգո Ալվես, Լա-լիգա, Սելտա, Վալենսիա, տրանսֆերներ, Ֆլամենգո