Իտալական գրանդը պատրաստ է 2024 թ. ամռանը գնել Սպերցյանին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, 2024 թ. ամռանը փոխի ակումբային գրանցումը։
Bookmaker Ratings-ը, հղում կատարելով «РБ Спортс»-ին, հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։
Աղբյուրի փոխանցմամբ` 2023 թ. դեկտեմբերին թուրինյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարել «ցլերի» ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվելու են 2024 թ. ամռանը։
Բանն այն է, որ ինքը` Սպերցյանը, չի ցանկանում ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Կրասնոդարից», քանի որ ցանկանում է մնալ ակումբում և պայքարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չմեպիոնի տիտղոսի համար։
Հաղորդվում է, որ «բյանկոներիները» բարձր են գնահատում Սպերցյանի խաղային որակները և պատրաստ են 2024 թ. ամռանը ձեռք բերել նրան։
Նշենք, որ «Յուվենտուսը» կիսապաշտպանության ամրապնդման համար դիտարկում էր «Նապոլիի» ֆուտբոլիստ Պյոտր Զելինսկիի թեկնածությունը, սակայն վերջինս մոտ է 2024 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում «Ինտեր» տեղափոխվելուն, այդ պատճառով էլ թուրինյան ակումբը կենտրոնացել է Սպերցյանին ձեռք բերելու վրա։
Հավելենք, որ Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Յուվենտուս, ՌՊԼ, տրանսֆերներ