Իսպանիայի գավաթ. Բասկյան ակումբները դրամատիկ հաղթանակ են կորզել` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալ Սոսիեդադը» մրցակի դաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ալավեսի» նկատմամբ։
Հյուրերը մինչև 76-րդ րոպեն պարտվում էին 1:2 հաշվով, բայց կարողացել են comeback անել։
Նախ` 76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Գոնսալո Գեդեշը, ապա` 80-ին Պելեգրինո Մատարացոյի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է Օրի Օսկարսոնը։ «Ռեալ Սոսիեդադից» առաջին կեսում աչքի է ընկել նաե Միկել Օյարսաբալը։
«Ալավեսի» գոլերը խփել են Աբդե Ռեբախն ու Թոնի Մարտինեսը։ Վերջինը 2:1 հաշվի ժամանակ չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. «Սոսիեդադին» փրկել է դարպասապահ Ալեքս Ռեմիրոն։
Զուգահեռաբար ընթացած խաղում բասկյան մեկ այլ ակումբ` Բիլբաոյի «Ատլետիկը» «Մեստալիա» ստադիոնում մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Վալենսիային»։
Առաջին խաղակեսի հերոսը «չղջիկների» հարձակվող Ումար Սադիկն էր։ «Ատլետիկը» նիգերիացի հարձակվողի` 26-րդ րոպեին գրանցած ինքնագոլից հետո առաջ է անցել հաշվի մեջ, սակայն 35-րդ րոպեին նա խփել է «Վալենսիայի» պատասխան գոլը։
Երբ թվում էր, թե կողմերը հանդիպումը կշարունակեն լրացուցիչ ժամանակում, Ինիակի Վիլիամսը 90+6-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ է պարգևել «Ատլետիկին»։
Նշենք, որ այս խաղում նույնպես չիրացված 11-մետրանոց է եղել։ Բասկյան ակումբի կիսապաշտպան Միկել Խաուրեգիսարի հարվածից հետո «Վալենսիային» փրկել է դարպասապահ Ստոլե Դմիտրիևսկին։
Այսպիսով, «Ռեալ Սոսիեդադն» ու «Ատլետիկ Բիլբաոն» դուրս եկան գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml