Իսպանական գրանդը պատրաստ է 120 մլն եվրո վճարել Բելինգհեմի տրանսֆերի դիմաց
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, անգլիացի կիսապաշտպանին իր շարքերում է ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», որն արդեն սկսել է աշխատել գործարքն իրականացնելու ուղղությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը Բելինգհեմի դիմաց պատրաստ է «Բորուսիային» վճարել 120 մլն եվրո։
Նշվում է, որ «Ռեալին» 19-ամյա ֆուտբոլիստին գնել խորհուրդ է տվել հայտնի սկաուտ Խունի Կալաֆաթը, ով «արքայական» ակումբի համար արդեն բացահայտել է Էնդրիկին, Կազեմիրոյին, Ֆեդե Վալվերդեին, Վինիսիուսին, Ռոդրիգոյին և այլ անվանի խաղացողների։
Հաղորդվում է, որ «սերուցքայինները» կարծում են, որ այս գործարքի համար չպետք է գումար խնայել, քանի որ խոսքն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի մասին է։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գործադրիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը կարծում են, որ երիտասարդ ֆուտբոլիստի ապագան աճուրդը չի որոշելու։
Մադրիդյան ակումբի ղեկավարները ենթադրում են, որ ամեն ինչ վճռվելու է անձամբ Բելինգհեմի ընտրությունից, այդ պատճառով էլ «Ռեալի» ղեկավարները պարբերաբար երկխոսության մեջ են լինում անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ` պատմելով իրենց սպորտային ծրագրի մասին։
Բելինգհեմի համար կարևոր գործոն կարող է հանդիսանալ այն, որ նա հնարավորություն կստանա հանդես գալ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի պես ֆուտբոլիստների կողքին։
«Ռեալը» դրական է տրամադրված այս գործարքի հարցում, քանի որ 19-ամյա ֆուտբոլիստն այնքան էլ մտադիր չէ վերադառնալ Անգլիա` չնայած նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիա Դորտմունդի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 112 խաղում դառնալով 19 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ