Կորիդա «Հանրապետականում» կամ ինչպես Կապառոսը  շախ և մատ արեց իսլանդացիներին

Կորիդա «Հանրապետականում» կամ ինչպես Կապառոսը շախ և մատ արեց իսլանդացիներին

29/03/2021 - 12:09

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում J խմբի շրջանակում 2։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ։

Մայրաքաղաքը, հոգնած քաղաքական բղավողներից, տարբեր երթերից, հանդիպումից հետո լցվեց այդքան կարոտած համախմբվածությամբ։ Բոլորս, անկախ ամեն ինչից, նույն բան էինք ուզում և այստեղ էլ հաստատվեց այն միտքը, թե ինչու է ֆուտբոլը ավելին, քան խաղ։

Այս հանդիպմանը հավաքականները մոտենում էին տարբեր տրամադրություններով։ Եթե Իսլանդիայի ընտրանին վերջին 6 խաղերում էլ պարտվել էր, ապա մեր հավաքականը նախորդ 6 խաղերից ուներ 3 ոչ-ոքի և 3 անընդմեջ հաղթանակ։

Հանդիպումն, ըստ բեկումնային իրադարձությունների, կարելի է բաժանել մի քանի մասերի․

1Հայաստանի հավաքականի մարտավարությունը․ մեկնարկ

Խոակին Կապառոսը, ի տարբերություն Լիխտենշտեյնի դեմ (1:0) հանդիպմանը, հիմնական կազմում մի շարք փոփոխություններ էր կատարել, որոնք կապված էին մրցակցին ավելի հաջող դիմակայելու համար, իսկ տակտիկական դասավորությունը թողել էր նույնը, այսինքն, մեր հավաքականը խաղը սկսեց 4-4-2 սխեմայով։

 Ընդհանուր առմամբ, Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում, այս սխեման բավական հուսալի է, քանի որ ապահովում է կոմպակտություն ինչպես պաշտպանության, այնպես էլ կիսապաշտպանության միջև։ Բացի դրանից, այս սխեմայի շնորհիվ հնարավոր է խուսափել նաև բաց տարածություններից այդ երկու օղակների միջև։

Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսեց հետևյալ մեկնարկային կազմով․

Ինչպես տեսնում ենք, Խոակին Կապառոսը, Լիխտենշտեյնի դեմ հանդիպման համեմատ, այս հանդիպման մեկնարկային կազմում կատարել էր երկու փոփոխություն․ Խորեն Բայրամյանի և Անդրե Չալըշըրի փոխարեն խաղը մեկնարկային րոպեներից սկսեցին Հակոբ Հակոբյանն ու Տարոն Ոսկանյանը։

Ինչո՞վ էին պայմանավորված այդ փոփոխությունները։ Դաշտ էր դուրս եկել հենց Հակոբ Հակոբյանը, քանի որ նա ավելի շատ պաշտպանությանը միտված ֆուտբոլիստ է։ Իսլանդիան խաղում էր 4-1-4-1 մարտավարական սխեմայով, որը հանդիպման ընթացքում ձևափոխվում էր 4-5-1-ի, այդ պատճառով էլ շատ կարևոր էր կենտրոնում մեկ խաղացող ավել ունենալ։

Անդրե Չալըշըրի փոխարեն էլ այս անգամ դաշտ էր դուրս եկել Տարոն Ոսկանյանը։ Այս փոփոխության մասին հստակեցում ավեի լավ կբացատրի Միստերը, բայց կարծում ենք, որ Ոսկանյանը ավելի լավ է պաշտպանվում ֆիզիկական մենամարտերում և անհատական հսկողության պարագայում  ավելի ուժեղ է, երբ խոսքը վերաբերում է ստանդարտ իրավիճակներին։

Ստանդարտ իրավիճակերի ժամանակ պաշտպանվելու առումով նշենք, որ մերոնք, չնայած իսլանդացիների բարձրահասակ լինելուն, կարողացան չեզոքացնել բոլոր վտանգները, քանի որ Կապառոսը հանձնարարել էր հսկել իսլանդացիներին անհատապես, այլ ոչ թե ըստ գոտիների, ինչն էլ պատճառ դարձավ, որ նրանց իրացրած 10 անկյունայինները ոչ մի արդյունք չտվեցին։  Շտապենք  նշել, որ Ոսկանյանը Հարոյանի հետ գերազանց հանդիպում անցկացրեց՝ թույլ չտալով ոչ մի դիրքային սխալ։ Ոսկանյանը վստահաբար իր լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում։ Նա ողջ խաղի ընթացքում կատարեց 5 գնդակի խլում, ինչը դաշտում գտնված ֆուտբոլիստների շրջանակում լավագույն ցուցանիշն է, Տարոնը 4 անգամ հեռացրեց գնդակը սեփական տուգանային հրապարակից, ինչպես նաև հաղթեց օդային 1 մենապայքարում և 1 անգամ էլ կասեցրեց մրցակցի գրոհը։

Whoscored-ի կողմից Ոսկանյանը ստացել է բավական բարձր՝ 7․40 գնահատականը, ինչը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շրջանում 4-րդ լավագույն գնահատականն է։ Հավելենք, որ Իսլանդիայի հավաքականի կազմից ամենաբարձր գնահատականը ստացել է Յոհան Գուդմունսոնը (7․44)։

2․ Առաջին խաղակես

Խոակին Կապառոսը հստակ առաջադրանքներ էր տվել մի շարք ֆուտբոլիստների։ Օրինակ, Սոլոմոն Իմե Ուդոն պետք է հետևեր Բիրկիր Բյարնասոնին, երբ իսլանդացիները գրոհ էին սկսում։

Իսպանացի մասնագետը շատ լավ էր ուսումնասիրել, թե ինչպես է Իսլանդիայի հավաքականը սկսում գրոհը․ պաշտպաննեը գնդակը փոխանցում են կա՛մ թիմի ավագ Արոն Գուննարսոնին, կա՛մ էլ Բյարնասոնին։ Այստեղ խնդիրը գրոհի երկրորդ փուլն էր, և կար հստակ առաջադրանք․ չթողնել մրցակիցին հասնել այդ երկրորդ փուլին, այսինքն, մեր դեմ խաղում առաջին փուլն անցնում էր (փոխանցումը Գուննարսոնին), իսկ, ահա, գրոհի զարգացման երկրորդ փուլը փակ էր, քանի որ Ուդոն ստվերի պես հետևում էր Բյարնասոնին, ինչի հետևանքով էլ մրցակցի գրոհների սրությունը սկսում էր կորել։

Կամոն մինչև վերջ հետևում էր իր եզրում խաղացող Յոհան Գուդմոնդսսոնին, իսկ Հովհաննիսյանի դիրքը հաճախ պետք է լրացներ նաև Հակոբ Հակոբյանը։

Առաջին խաղակեսում մեր հավաքականի ֆուտբոլիստները շատ էին շտապում հակագրոհելիս։ Միայն առաջին կեսում մեր տղաները կատարեցին հինգ հարված դարպասին և բոլորն էլ տուգանային հրապարակից դուրս։ Իսլանդիայի հավաքականը շատ էր վախենում մեր եզրերից և  ավելորդ շտապողականության հետևանքով միշտ հայտնվում էինք ոչ ձեռնտու երկուսը մեկի դիմաց իրավիճակում։  Պարզապես նման իրավիճակներում պետք էր խաղարկում, ինչից հետո Կապառոսը եզրից մի քանի անգամ ժեստերով հասկացրեց, որ շտապել պետք չէ:

Առաջին խաղակեսում հակագրոհելիս մեր թիմի սենսորային քարտեզը ունենում էր հետևյալ տեսքը․

Ուշադրություն դարձրեք Կամոյի և Բարսեղյանի դիրքերին․ գնդակը հենց նրանց ուղղությամբ էր անմիջապես փոխանցվում խլելու դեպքում, և մեր ավելորդ շտապողականության հետևանքով չէինք կարողանում եզրերում թվային առավելություն ստանալ և հայտնվել մեկը մեկի դեմ իրավիճակում։

3․ Երկրորդ խաղակես 

Վերոնշյալ խնդիրը, իհարկե, Կապառոսը բոլորիցս լավ էր տեսել, և նա ընդմիջմանը հանձնարարեց «ճոճել» հակառակորդի պաշտպանողական գիծը, չշտապել, կատարել մի քանի փոխանցում ավելի և հարմար պահին անմիջապես փոխել գրոհի ուղղությունը, ինչի շնորհիվ արդյունքն իրեն սպասեցնել չտվեց։

53-րդ րոպեին գնդակի կարճ խաղարկումից հետո Արտակ Գրիգորյանը կտրուկ փոխեց գրոհի ուղղությունը՝ գնդակն ուղարկելով հարձակման աջ եզր, որտեղ Բարսեղյանը մեկը մեկի դեմ իրավիճակում էր հայտնվել․ երկրորդ պաշտպանը մի փոքր ուշացավ, իսկ արդյունքում Տիկոն հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Ընդհանուր առմամբ, Տիգրան Բարսեղյանը հոյակապ հանդիպում անցկացրեց և լավագույնն էր խաղադաշտում։

4․ 54-րդ րոպե․ վնասվածք ստացած Հակոբ Հակոբյանի փոխարեն դաշտ մտավ Խորեն Բայրամյանը

Գոլից անմիջապես հետո՝ 54-րդ րոպեին, վնասվածք ստաացավ Հակոբ Հակոբյանը և նրա փոխարեն խաղադաշտ մտավ Խորեն Բայրամյանը, ինչը նշանակում էր, որ Կապառոսը, չնայած հաղթական ընթացքին, ավելի շատ ուժեղացնում է հարձակման գիծը։

Այդ փոփոխությունից հետո մեր ֆուտբոլիստների դասավորությունը գրոհելիս ստացավ այսպիսի տեսք․

Նման դասավորվածության պատճառով մրցակիցը մեր ձախ թևով մի քանի վտանգավոր գրոհներներ անցկացրեց, ինչից հետո էլ փայլեց Դավիթ Յուրչենկոն, բայց նաև այս դասավորության շնորհիվ մենք և՛ պրեսինգի անցնելիս ավելի արդյունավետ էինք գործում, և՛ հակագրոհելիս սպառնում էինք իրենց այդ թևին քանական առավելությամբ։

Հանդիպման 74-րս րոպեին հակագրոհի արդյունքում Բարսեղյանը գնդակը փոխանցեց Բայրամյանին, ով մնալով մեկը մեկի դեմ, շրջանցեց պաշտպանին և խոցեց Հանես Հալդորսոնի դարպասը։ Սա հաղթանակ էր, մաքուր մարզչական հաղթանակ։

Հայաստանի հավաքական

Այս հաթանակը շատ կարևոր էր մեզ համար։ Այն հասկանալու համար պետք է առնվազն հայ լինել և վերջին մի քանի ամիսներին Հայաստանում ապրած լինել, բայց ավելորդ էյֆորիա պետք չէ, ինչը, միանշանակ, շատ լավ հասկանում է փորձառու մասնագետ Խոակին Կապառոսը։

Պետք է հասկանալ, որ մենք դեռ ոչինչ չենք հաղթել և անում ենք առաջին քայլը, բայց ինչպես չինական ասացվածքում է ասվում «նույնիսկ հազար կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհը սկսվում է առաջին քայլից»։  Մենք այդ քայլն արեցինք՝ հաղթելով Իսլանդիայի հավաքականին։

Շնորհակալություն Միստեր!!!

Շնորհակալություն տղերք !!!

Մաղթում ենք հաջողություն մեր հավաքականին Ռումինիայի դեմ առաջիկա խաղում։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023