Ինտերը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցույց տալ՝ էլ ավելի ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ջենոայի» դեմ։
Կարելի է ասել, որ Անտոնիո Կոնտեի թիմը խաղը սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն իսկ 1-ին րոպեին միլանյան ակումբը բացեց խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն՝ եզրափակելով Լաուտարո Մարտինեսի փոխանցումը։
Ընդհանրապես, նախքան ընդմիջման գնալն էլ «ներաձուրիները» տոտալ խաղային առավելություն ունեին և կարող էին վճռել հանդիպման ելքը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին ինչպես Լուկակուն, այնպես էլ Նիկոլո Բարելան․ վերջինիս հարվածից հետո ջենոական ակումբին փրկեց դարպասաձողը։
Կողմերը, ամեն դեպքում, ընդմիջման գնացին «Ինտերի»՝ մեկ գնդակի առավելության պայմաններում։
Երկրորդ կեսում էլ տանտերերը շարունակում էին վերահսկել հանդիպման ընթացքը, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում խփել երկրորդ գնդակը և հանել հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։
Երկրորդ գոլը գրանցվեց միայն 69-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մատեո Դարմիանը, իսկ 80-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման մտած Ալեքսիս Սանչեսը։
Այսպիսով, «Ինտերը» շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել։ Ակումբը կայացած 24 խաղերից հետո խփել է 60 գնդակ և այդ ցուցանիշով լավագույնն է «Կալչիոյի» շրջանակում։
Կոնտեի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 56 միավոր և էլ ավելի ամրապնդվեց 1-ին հորիզոնականում՝ մոտակա հետապնդող «Միլանից» առաջ անցնելով արդեն 7 միավոր։
«Ռոսոներիներն» իրենց հանդիպումը կանցկացնեն փետրվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 23։45 և կհյուրընկալվեն «Ռոմային»։
«Ջենոան» էլ մնաց 26 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am