Ինտերը շարունակում է միավորներ բաժանել?
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Կալյարիին»։ Թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։
23-րդ րոպեին իր նորամուտի խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ անգլիացի պաշտպան Էշլի Յանգը, որը եզրափակեց Լաուտարո Մարտինեսը։ Խաղի մնացած ժամանակահտվածում էլ միլանյան ակումբը առնվազ 3-4 անգամ կարող էր հաշվի տարբերությունն ավելի մեծացնել, սակայն նպաստավոր դիրքերից վրիպում էին։
Հանդիպման 78-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Ժոաո Պեդրոն փոխանցեց Ռաջա Նայնգոլանին, ում հարվածից հետո գնդակը դիպավ Ալեսանդրո Բաստոնիի ոտքին և հայտնվեց դարպասում։
Նշենք, որ 90+4-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի պատճառով խաղադաշտից հեռացվեց Լաուտարո Մարտինեսը։
Այսպիսով, երրորդ խաղն անընդմեջ Անտոնիո Կոնտեի սաներն իրենց խաղն ավարտում են ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Այս արդյունքը «Յուվենտուսին» տալիս է ևս երկու միավորով առաջ պոկվելու հնարավորություն։
«Ինտերը» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» 31 միավորով 6-րդն է։
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Կալյարի, Յուվենտուս, Ռաջա Նայնգոլան