Ինտերը շարունակում է հաղթարշավը և գլխավորում մրցաշարային աղյուսակը🎥
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։
Միլանյան ակումբը շարունակում է իր տպավորիչ հաղթարշավը և դժվար պայքարում հաղթեց 1։2 հաշվով։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ 52-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, սակայն 63-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը։
Դավիդե Ֆարաոնին հարձակման աջ եզրից փոխանցում կատարեց դեպի «Ինտերի» տուգանային հրապարակ, ինչից հետո Սամիր Հանդանովիչը չկարողացավ որսալ գնդակը և այն հայտնվեց Իվան Իլիչի մոտ, ով էլ հավասարեցրեց հաշիվը։
69-րդ րոպեին «ներաձուրիները» կրկին հաշվի մեջ առաջ անցան․ անկյունայինի խաղարկումից հետո Մարսելո Բրոզովիչի կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Միլան Շկրինյարը։
Ինչպես հետագայում պարզվեց, սլովակ պաշտպանի գոլը դարձավ հաղթական, իսկ «Ինտերը» Ա սերիայի շրջանակում տարան 7-րդ անընդմեջ հաղթանակը։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վաստկեց 33 միավոր, շրջանցեց «Միլանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Միլանի» ակտիվում կա 31 միավոր, որն իր հանդիպումն անցկացնելու է քիչ անց՝ սեփական հարկի տակ մրցելով «Լացիոյի» դեմ։ «Վերոնան» էլ 20 միավորով 9-րդն է։
# Ա-սերիա, Ինտեր, Իվան Իլիչ, Լաուտարո Մարտինես, Միլան, Միլան Շկրինյար, Սամիր Հանդանովիչ, Վերոնա