Ի՞նչ վիճակում է գտնվում Աբդելհակ Նուրին կոմայից դուրս գալուց հետո
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին գրեթե 3 տարի անց դուրս է եկել կոմայից։ Խաղացողը 2017 թվականի հուլիսի 9-ին «Վերդերի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ ուշագնաց էր եղել և մինչև այժմ գտվնում էր կոմայում։ Նախկին կիսապաշտպանը գլխուղեղի ծանր վնասվածք ունի, ինչից հետո հավանականությունը շատ քիչ է, որ գլխուղեղի ամենակարևոր գործառույթները կվերականգնվեն։
Երեկ՝ մարտի 26-ին, նրա հարազատները հաստատել են, որ Նուրին գրեթե երեք տարի անց դուրս է եկել կոմայից և խոսել են նրա վիճակի մասին․
«Այժմ մենք նրա մասին հոգ ենք տանում տանը, սակայն այնքան էլ երկար ժամանակ չէ, որ նա բուժումը շարունակում է տնային պայմաններում։ Նրա ապաքինումը տանն ավելի լավ է ընթանում, քան հիվանդանոցում։
Նա տեղյակ է թե որտեղ է, վերադարձել է ընտանեկան միջավայր, սակայն նա պարզապես արթուն է։
Նա քնում է, արթնանում է, ուտում է, փռշտում է, սակայն դեռևս անկողնուց քիչ է վեր կենում։ Մենք հաղորդակցության հատուկ ձև ունենք․ նա որևէ բան հաստատելու համար կա՛մ ժպտում է, կա՛մ էլ հոնքերն է շարժում։
Մենք նրա հետ շփվում ենք այնպես, կարծես նա հիվանդ չէ։ Նրա հետ ֆուտբոլ ենք դիտում հյուրսենյակում և նրան ներգրավում ենք մեր խոսակցությունների մեջ։ Նրան ֆուտբոլը դուր է գալիս, հանդիպումների ընթացքում ժպտում է Նա երբեմն էմոցիաներ է ցույց տալիս»,- նշել է խաղացողի եղբայրը՝ Աբդերահիմ Նուրին, ում խոսքերը մեջբերում է Voetbal International-ը։
# Աբդելհակ Նուրի, Այաքս