Ի՞նչ սկզբունքով է ՈՒԵՖԱ-ն բաշխելու եվրագավաթային տեղերը, եթե ներքին առաջնությունները մնան անավարտ
ՈՒԵՖԱ-ի անդամ-պետությունների միջև այսօր հերթական տեսակոնֆերանսն է տեղի ունեցել, որտեղ մի շարք կարևոր որոշումներ են կայացվել։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, միջազգային ֆեդերացիան ներքին առաջնություններն ավարտին հասցնելու երկու սցենար է դիտարկում, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։
Ըստ առաջին սցենարի՝ առաջնությունները և եվրագավաթները պետք է ավարտին հասցվեն և անցկացվեն զուգահեռ։
Ըստ երկրորդ սցենարի՝ նախ կշարունակվեն և ավարտին կհասցվեն ներքին առաջնությունները, այնուհետև կխաղարվկեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները։
ՈՒԵՖԱ-ն կրկին անդամ-պետությունների առաջև առաջնություններն ավարտելու պահանջ է դրել, որպեսզի եվրագավաթային տեղերը բաշխելու հետ կապված չառաջանան խնդիրներ։
Եթե առաջնություն այդպես էլ մնա ավարտ, ապա դրա պատճառը պետք է լինի հարգելի (տվյալ երկրում սպորտային իրադարձությունների արգելք կամ անհաղթահարելի ֆինանսական խնդիրներ): Այդ դեպքում ՈՒԵՖԱ-ն եվրագավաթային տեղերը կբաշխի ընթացիկ մրցաշրջանում գրանցած սպորտային հաջողությունների սկզբունքով, այսինքն՝ եվրագավաթային տեղերը բաժին կհասնեն ըստ տվյալ պահին զբաղեցրած դիրքերի։
Եթե որևէ առաջնություն այդպես էլ չխաղարկվի և մնա անավարտ, ապա ՈՒԵՖԱ-ն մի շարք դեպքերում տվյալ առաջնության որևէ ակումբի չի տրամադրի եվրագավաթային ուղեգիր․
- եթե առաջնությունը մնացել է անավարտ ոչ հարգելի պատճառով
- եթե եվրագավաթային տեղերի բաշխումը տեղի ունենա ոչ թափանցիկ ճանապարահով
- եթե հասարակության շրջանակում լինի կարծիք, որ տվյալ ակումբն ընտրվել է անարդար ճանապարհով։