Ի՞նչ ազդեցություն է թողել «Թղթե տունը» հեռուստասերիալը ֆուտբոլի վրա

Ի՞նչ ազդեցություն է թողել «Թղթե տունը» հեռուստասերիալը ֆուտբոլի վրա

23/04/2020 - 19:31

Հեռուստասերիալներ դիտելը կարանտինում գտվնող մարդկանց հիմնական զբաղմունքներից մեկն է։ Վերջին շաբաթներին մեծ թափ է հավաքում «Թղթե տունը»՝ La casa de papel, իսպանական հեռուստասերիալը։

Այդ սերիալը համարվում է ամերիկյան Netflix ընկերության ամենադիտված սերիալներից մեկը։ 2018 թվականին օտարալեզու (ոչ անգլերեն) հեռուստասերիալների շրջանակում այն դարձավ ամենադիտվածը։

Այս տարվա ապրիլին դուրս եկավ հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանը և էլ ավելի մեծ թափով սկսեց խոսվել դրա մասին։ «Թղթե տունը» ունի մի շարք խորհրդանիշներ, ինչպես օրինակ, կարմիր համազգեստը, Սալվադոր Դալիի դիմակը, իտալական հանրահայտ «Bella ciao» երգը և այլն։Այդ ամենը մտել է նաև ֆուտբոլային աշխարհի մշակույթ, մի շարք ակումբների երկրպագուներ իրենց պաստառները պարզել են հենց այդ թեմայով։

Ամենահայտնի պաստառներից պարզել են հունական «Օլիմպիակոսի» երկրպագուները։ 2018/19 մրցաշրջանի ԵԼ խմբային փուլում Պիրեյը ներկայացնող ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլանին», իսկ խաղից առաջ մարզադաշն ուներ հետևյալ տեսքը․

Հունական ակումբի երկրպագուները պարզել էին պաստառ, որի վրա գրված էր La casa del trofeo, ինչը թարգմանաբար նշանակում է մրցանակների տուն։

Այդ խաղում տանտերերը հաղթեցին 3։1 հաշվով՝ «Միլանին» դուրս թողնելով մրցաշարի խմբային փուլից։ Խաղի ավարտից հետո հունական ակումբի մի շարք երկրպագուների հաջողվել էր հայտնվել խաղադաշտում․ նրանք հեռուստասերիալի հանրահայտ կարմիր համազգեստով էին և Դալիի դիմակով։

Սերիալային տրամադրությունը տեղափոխվեց նաև ակումբի հանդերձարան։ Խաղից հետո հանդիպման հերոսներից մեկը՝ Կոստաս Ֆորտունիսը, սոցցանցերում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա կրում էր Սալվադոր Դալիի դիմակը։

2018 թվականին ֆրանսիական «Ռենի» երկրպագուները պարզեցին պաստառ, որի վրա նկարված էր Դալիի դիմակով մարդ և վրան գրված էր  La Casa de Roazhon։ Այդ պաստառը նվիրված էր «Ռենի» մարզադաշտին, որը կոչվում է «Ռոազոն Պարկ»։

«Այդ խորհրդանիշները հեշտ է կրկնօրինակել։ Մարդիկ դրանք պետք է իրենց կարիքներին համապատասխանեցնեն։ Մարդիկ տարբեր տեղերում զարդարվում են տարբեր կերպ, սակայն այդ ամենը հաճախ թաքնված պայքար է համակարգի դեմ»,- նշել է հեռուստասերիալի ռեժիսորներից մեկը՝ Կոլդո Սերան։

«Հենց այդ խորհրդանիշներն էլ դարձան մեր հաջողության գլխավոր գրավականներից մեկը։ Դրանք բազմակողմանի սիմվոլներ են։ Յուրաքանչյուր ոք կարող է հագնել կարմիր կամբենեզոն, կրել Դալիի դիմակը և իր պայքարի ժամանակ երգել «Bella ciao» երգը»,- նշել է Խեսուս Կոլմենարը, ով նույնպես հեռուստասերիալի ռեժիսորներից մեկն է։

Հետաքրքիր է, որ ներկայումս ոչ միայն ֆուտբոլային աշխարհն է հիանում հեռուստասերիալով, այլև հեռուստասերիալի ռեժիսորներն իրենք են հիանում ֆուտբոլով։ Հեռուստասերիալի ռեժիսորները երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում մի դրվագ են նկարահանել, որտեղ սերիալի գլխավոր հերոս «Պրոֆեսորը»՝ Սերխիո Մարկինոն, պատմում էր, որ իրենց պայքարին միացել են նաև բազմաթիվ ֆուտբոլային երկրպագուներ և ցուցադրում է մի պաստառ, որն արվել է Ֆրանսիայում, որի վրայի գրությունը փոխվել էր սերիալի սյուժեին համապատասխան։ Պաստառի վրա գրված է եղել Liberte, Egalite, Resistance, ինչը թարգամանաբար նշանակում է Եղբայրություն, Ազատություն և Դիմադրություն։ Այդ դրվագում հնչում է նաև «Լիվերպուլի» հիմնը՝ You’ll Never Walk Alone-ը։

Հեռուստասերիալն իր ազդեցությունն է թողել նաև Սաուդյան Արաբիայում հանդես եկող «Ալ-Իթիհադ» ակումբի երկրպագուների վրա, որոնք հանդիպումներից մեկի ժամանակ պարզել են մի պաստառ, որի վրա պատկերված են եղել հեռուստասերիալի կերպարները։ Պաստառի վրա պատկերված անձինք եղել ենվՍալվադոր Դալիի դիմակով, սակայն կարմիր գույնը փոխարինվել էր ակումբի հարազատ դեղին գույնով։

Սակայն հեռուստասերիալի ռեժիսորները արաբական ակումբի երկրպագուների պաստառը դարձրել էին կարմիր։

2017/18 թվականի վերջնամասում բրազիլական «Ֆորտալեզան» ապահովել էր չեմպիոնությունը Բ սերիայում՝ ապահովելով իր տեղը բրազիլական Ա սերիայում։ Մրցաշրջանի վերջին խաղից առաջ ակումբի ֆուտբոլիստները որոշեցին մի փոքր զվարճացնել իրենց երկրպագուներին։ Հանդիպումից առաջ ակումբի ֆուտբոլիստները երկրպագուների շրջանում հայտնվեցին կարմիր հանդերձանքով և Դալիի դիմակներով։

Հեռուստասերիալի հանդերձանքով էին ներկայացնել նաև Եգիպտոսի U-23 հավաքականի ֆուտբոլիստները, սակայն կարմիրի փոխարեն, նրանք ներկայացել էին սև համազգեստը։ Ֆուտբոլիստները այդ կերպ ներկայացել էին սեփական հարկի տակ անցկացվող Աֆրիկայի գավաթի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղին, որտեղ «փարավոնները» լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեցին Կոտ դ’Իվուարի հավաքականին։

Հատկապես տպավորիչ է հեռուստասերիալում նկարահանված Ռոդրիգո դե լա Սերայի պատմությունը, ով մարմնավորում էր Պալերմոյի կերպարը։ Դե լա Սերնան թե՛ սերիալում, թե՛ իրական կյանքում ծնունդով Արգենտինայից է և «Բոկա Խունիորսի» մոլի երկրպագու է, իսկ նրա ամենասիրելի ֆուտբոլիստը «Բոկայի» պատմության լավագույն ռմբարկու Մարտին Պալերմոն է, ով ակումբի կազմում դարձել է 234 գոլի հեղինակ։ Հեռուստասերիալում նրա անունը Մարտին է և ներկայանում է որպես Պալերմո՝ այդ կերպ դառնալով Մարտին Պալերմո։

Սակայն, ինչպես երևում է, սերիալի ամենասիրված կերպարներից մեկը՝ Բեռլինի դերակատարը՝ Պեդրո Ալոնսոն «Ռիվեր Փլեյթի» երկրպագու է։ «Ռիվերը» 2018 թվականին լուսանկար է հրապարակել, թե ինչպես է Ալոնսոն հանդիպել ակումբի գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյի հետ։

Հեռուստասերիալով հիանում են նաև Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Տիագո Ալկանտարան, Սերխիո Բուսկետսը, Խոսե Գայան, ինչպես նաև Սեսար Ասպիլիկուետան։ 2018 թվականին Տիագոն Instagram-ում լուսանկար հրապարակեց, որտեղ նա իր խաղընկերների հետ կանգնած են Իսպանիայի թագավորական դրամահատարանի մոտ՝ կրելով Սալվադոր Դալիի դիմակը։

View this post on Instagram

#LaCasaDePapel

A post shared by Thiago Alcantara (@thiago6) on

Ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներից Նեյմարը հեռուստասերիալում նույնիսկ փոքրիկ դեր է ունեցել, որը, սակայն այդպես էլ չի հրապարակվել, քանի որ նախորդ տարվա ամռանը նրան բռնաբարության մեղադարանք էր առաջարդվել։

Նեյմարը պետք է մարմնավորեր Ժոաո անունով մի հոգևորականի, ով Սան Պաուլոյից էր։ Տվյալ դրվագում Ժոաոն զրուցում էր Պրոֆեսորի և Բեռլինի հետ, և երբ Բեռլինն ասում է, որ բրազիլացիները կյանքով լի են և հիանալի են ֆուտբոլ խաղում, Ժոաոն խառնվում է նրանց զրույցին՝ հեգնանքով ասելով, որ չի սիրում ֆուտբոլ և խնջույնքեր։

Նեյմարը դեռ ավելի վաղ էր ցույց տվել, որ դիտում է հեռուստասերիալը, երբ հանդիպումներից մեկից հետո Instagram-ում Կիլիան Մբապեի հետ նկար էր հրապարակել, որտեղ երկու ֆուտբոլիստներն էլ Սալվադոր Դալիի դիմակով էին։

Հեռուստասերիալում ֆուտբոլին նվիրված այլ դրվագներ ևս կան, որոնցից հիշատկման է արժանի չորրորդ եթերաշրջանում նկարահանված փոքրիկ ֆուտբոլային մրցաշարը, որտեղ մրցում էին Տոկիոյի և Նայրոբիի թիմերը։

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023