Ժիրու. «Բենզեման խախտել է Ֆրանսիայի հավաքականի հավասարակշռությունը»
«Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն խոսել է Կարիմ Բենզեմայի` Ֆրանսիայի հավաքական վերադարձի մասին, ինչպես նաև կիսվել է հավաքական չհրավիրվելու տպավորություններով.
«Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, ես նույնպես իմանում եմ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, երբ մարզիչը հրապարակում է դրանք։ Միայն նա է որոշում, թե ովքեր են հրավիրվում. ես հասկանում եմ նրան։
Ո՞վ եմ ես մարզչի աչքին, որպեսզի առաջինն ինձ հրավիրի հավաքական, սակայն ես կգնահատեի, եթե ինձ նախօրոք տեղեկացնեին, որ չեն հրավիրելու։ Ամեն դեպքում, Դեշամը ոմանց տեղյակ է պահել այդ մասին։
Անկեղծ կասեմ` Բենզեմայի վերադարձը խախտեց Ֆրանսիայի հավաքականի տակտիկական հավասարակշռությունը։ Ոչինչ չունեմ Կարիմի դեմ։ Շատ բան տեղի ունեցավ ոչ նրա կամքով։ Երկար ժամանակ անց Ֆրանսիային հաջողվեց հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Մենք այդ ամենը տեսանք Ազգերի լիգայի խաղարկությունում։
Կարիմը շատ արագ փոխեց այն խաղաոճը, որը Ֆրանսիայի հավաքականն ուներ անցնող 5 տարիների ընթացքում։ Նման փոփոխությունները պետք է տեղի չունենան մեկ գիշերվա ընթացքում, հատկապես այնպիսի կարևոր մրցաշարից առաջ, ինչպիսին Եվրոպայի առաջնությունն է։ Պետք էր մարտավարական այլընտրանքներ նույնպես մտածել։
Չնայած դրան` Եվրոյի ժամանակ թիմում մթնոլորտը շատ լավ էր։ Մենք ամեն օր միասին ճաշում էինք նույն սեղանի շուրջ։
Ես Բենզեմայի հետ երբեք խնդիրներ չեմ ունեցել։ Նա շատ է փոխվել, հասունացել` գրանցելով մեծ առաջընթաց»,- 35-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է Sports.fr-ն։
Նշենք, որ Եվրո-2020-ի ավարտից հետո Օլիվիե Ժիրուն դեռևս ոչ մի անգամ չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։
Ժիրուն «եռագույնների» կազմում մասնակցել է 110 հանդիպման` խփելով 46 գոլ։ Նա Ֆրանսիայի հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է և զիջում է միայն Թիերի Անրիին, ում ակտիվում կա 51 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, ԵՎՐՈ-2020, Կարիմ-Բենզեմա, Միլան, Օլիվիե Ժիրու, Ֆրանսիայի հավաքական