Ժիրուի վերադարձը. Ֆրանսիան վերջապես հաղթում է` առավելության հասնելով Ավստրիայի նկատմամբ🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Ֆրանսիանի հավաքականը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «եռագույններն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ ֆրանսիացիների հարձակվող Օլիվիե Ժիրուն, ով իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում` օգնելով աչքի ընկնել նաև Կիլիան Մբապեին։
Նշենք, որ 35-ամյա հարձակվող Ֆրանսիայի հավաքականի կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել էր Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի շրջանակում կայացած Շվեյցարիայի դեմ խաղում (3:3, 11 մ -4:5), որը կայացել է 2021 թ. հունիսի 28-ին։
Ինչ վերաբերում է պաշտոնական խաղերում խփած գոլերին, ապա Ժիրուն «եռագույնների» կազմում վերջին անգամ մրցակցի դարպասը գրավել էր 2020 թ. նոյեմբերի 17-ին` Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում աչքի ընկնելով Շվեդիայի դեմ խաղում (4:2)։
Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականն էլ պաշտոնական խաղերում վերջին անգամ հաղթել էր 2021 թ. նոյեմբերի 16-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 8-րդ տուրում 2:0 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի նկատմամբ։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խորվաթիա 2:1 Դանիա
5-րդ տուրից հետո A դիվիզիոնի 1-ին խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Խորվաթիա – 10 միավոր
- Դանիա – 9 միավոր
- Ֆրանսիա – 5 միավոր
- Ավստրիա – 4 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Ավստրիայի հավաքական, Դիդիե Դեշամ, Կիլիան-Մբապե, Օլիվիե Ժիրու, Ֆրանսիայի հավաքական