Թրիլլեր Ռոտերդամում. Սլավիան ու Ֆեյենորդը գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ֆեյենորդը» Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց «Սլավիա Պրահայի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին հոլանդական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր էլ արդեն 10-րդ րոպեին նետվեցին կայծակնային հակագրոհի ու Լուիս Սինիստերայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Խփած գոլից հետո էլ «Ֆեյենորդը» վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն ռոտերդամցիներին չհաջողվեց կրկնապատկել առավելությունը։
Դեռ ավելին` Պրահայից ժամանած հյուրերը նախքան ընդմիջման գնալն առաջին իսկ կատարած դիպուկ հարվածով 41-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Պիտեր Օլայինկան։
Երկրորդ կեսն էլ մեկնարկել էր հիմնականում հավասար պայքարում, սակայն 67-րդ րոպեին «Սլավիան» առաջ անցավ հաշվի մեջ. բազմաքայլ գրոհից հետո աչքի ընկավ Յիրա Սորը։
Բաց թողած գոլից հետո Արնե Սլոտի սաները բավական արագ ուշքի եկան ու ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 74-րդ ու 86-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մարկոս Սենեսին ու Օրկուն Կյոկչուն։
Թվում էր` վերջ, տանտերերը բեկեցին հանդիպման ընթացնք ու հաղթանակ կորզեցին, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Յինդրժիխ Տրպիշովսկու սաները, ովքեր 90+5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Իբրահիմ Տրաորեի ջանքերով հաշիվը դարձրին 3:3 ու փրկեցին հանդիպումը։
Նշենք, որ չեխական ակումբը հանդիպման ընթանցքում կատարեց 3 դիպուկ հարված` խփելով նույնքան գոլ։
Այսպիսով, «Ֆեյենորդն» ու «Սլավիան» թրիլլերային պայքարում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 3:3 հաշիվը։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արնե Սլոտ, Իբրահիմ Տրաորե, Լուիս Սինիստերա, Կոնֆերենցիաների լիգա, Մարկոս Սենեսի, Յիրա Սոր, Յնդրժիխ Տրպիշովսկի, Պիտեր Օլայինկա, Օյկուն Կյոկչու