Թրիլլեր Մյունխենգլադբախում․ Բորուսիայի գերկամային հաղթանակը Բավարիայի նկատմամբ🎥
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մյունխենգլադբախում միմյանց դեմ մրցեցին տեղի «Բորուսիան» և «Բավարիան»։
Մյունխենյան ակումբը բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ, քանի որ նախ՝ 20-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա՝ 26-րդ րոպեին Լերոն Գորեցկան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
«Բորուսիայի» ֆուտբոլիստները, սակայն, չընկճվեցին և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը։ 36 և 45-րդ րոպեներին երկու անգամ աշխատեց Յոնաս Հոֆման – Լարս Շտինդլ զույգը։ Երկու դեպքում էլ մյունխենգլադբախցիների ավագը գոլային փոխանցում կատարեց Հոֆմանին։
Երկրորդ խաղակեսն էլ միանգամից մեկնարկեց Մարկո Ռոզեի սաների խփած գնդակով։ 49-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ֆլորիան Նոյհաուսը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում մյունխենգլադբախցիները մեծամասամբ պաշտպանվում էին և կարողացան պահել հաղթական հաշիվը։
Այսպիսով, «Բորուսիան» 3։2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ, ինչը ակումբին 24 միավորով ավելի մոտեցրեց լավագույն քառյակին։ «Բորուսիան» այժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և 4-րդ հորիզոնականում գտնվեց «Բորուսիա Դորտմունդին» զիջում է արդեն ընդամենը 1 միավոր, իսկ «Բավարիան» էլ 33 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
# Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Լարս Շտինդլ, Լեոն Գորեցկա, Յոնաս Հոֆման, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆլորիան Նոյհաուս