Թրիլլեր Մադրիդում. Ատլետիկոն Կարասկոյի 90+9-րդ րոպեին չիրացրած 11-մետրանոցի պատճառով դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Բայեր Լևերկուզենի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ լարված հանդիպում ստացվեց։ Երկու ակումբներին էլ հաղթանակ էր անհրաժեշտ` պայքարի մեջ մնալու համար։
Այդուհանդերձ, այս խաղում կողմերին վիճակված չէր պարզել հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Հնդկացիների» կազմից աչքի ընկան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն ու Ռոդրիգո դե Պաուլը, իսկ «դեղագործների» գոլերը խփեցին Մուսա Դիաբին և Կալում Հոդսոն-Օդոյին։
Նշենք, որ հանդիպման վերջնամասն իսկական թրիլլերային ստացվեց։
Գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը 90+6-րդ րոպեին հնչեցրեց եզրափակիչ սուլիչը, սակայն VAR համակարգի պատասխանատուներ Ժերոմ Բրիսարն ու Վիլի Բելաժոն հուշեցին, որ «Բայերի» պաշտպան Պիերո Հինկապին հանդիպման վերջին դրվագում ձեռքով է խաղացել սեփական տուգանային հրապարակում։
Տյուրպենը տևական ժամանակ քննարկում էր դրվագն իր գործընկերների հետ և, ի վերջո, անձամբ դիտեց տեսակրկնապատկերն ու 11-մետրանոց նշանակեց «Բայերի» դարպասին։
Նշակետին մոտեցավ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ում հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Լուկաս Հրադեցկին, իսկ վրա հասած Սաուլ Նիգեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բրյուգե» 0:4 «Պորտու»
B խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Բրյուգե» – 10 միավոր
- «Պորտու» – 9 միավոր
- «Ատլետիկո Մադրիդ» – 5 միավոր
- «Բայեր» – 4 միավոր
Այսպիսով, միավորների կորստի պատճառով «Ատլետիկոն» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից, իսկ «Պորտուն» նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
«Բրյուգեն» նույնպես հանդես է գալու ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բայեր Լևերկուզեն, Դիեգո-Սիմեոնե, Լուկաշ Հրադեցկի, Կալում Հոդսոն-Օդոյի, Կլեման Տյուրպեն, Մուսա Դիաբի, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Չեմպիոնների-լիգա, Պիերո Հինկապի, Ռոդրիգո դե Պաուլ, Սաուլ Նիգես