Թրիլլեր Բիլբաոյում. Ատլետիկն անհավանական խաղում հաղթեց Սելտային🎥
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի մեկնարկային հանդիպումը կայացավ Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկը» մրցեց «Սելտայի» դեմ։
Կողմերն առաջին կեսը բավական ակտիվ անցկացրին և նախքան ընդմիջում փոխանակվեցին խփած երկուական գնդակով։
Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց հյուրերի 36-ամյա լեգենդար հարձակվող Յագո Ասպասը, ով Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջին գոլը խփեց։
37-րդ րոպեին բասկյան ակումբի կազմից աչքի ընկավ Օյան Սանսթեը, իսկ 41-րդ րոպեին Ժոնաթան Բամբան կրկին առաջ մղեց Վիգոյից ժամանած հյուերին, սակայն Գորկա Գուրուսետան 45+5-րդ րոպեին լուսատախտակին նորից հավասար հաշիվ վառեց։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ Գուրուսետան 52-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ և այս խաղում առաջին անգամ բասկյան ակումբին առաջ մղեց։
Էռնեստո Վալվերեդեի թիմի հաջողությունը բավական կարճ տևեց, քանի որ արդեն 66-րդ րոպեին «Սելտայի» դանիացի հարձակվող Յորգեն Շտրանդ Լարսենը հաշիվը դարձրեց արդեն 3:3։
72-րդ րոպեին Ռաֆայել Բենիտեսի թիմն այս խաղում երրորդ անգամ հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ստացավ։
Հանդիպման գլխավոր մրցավար Խուան Լուիս Պուլիդոն «Սելտայի» օգտին 11-մետրանոց նշանակեց, սակայն Յագո Ասպասի հարվածից հետո «Ատլետիկին» փրկեց դարպասապահ Ունայի Սիմոնը։
Երկրորդ խաղակեսն, ընդհանուր առմամբ, անցնում էր «Ատլետիկի» խաղացողների շոշափելի առավելությամբ, ովքեր ավելի մոտ էին հաղթանակին և, ի վերջո, հասան իրենց նպատակին։
Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, 90+8-րդ րոպեին «Սելտայի» կենտրոնական պաշտպան Ունայի Նունյեսը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո Խուան Լուիս Պուլիդոն 11-մետրանոց նշանակեց արդեն բասկյան ակումբի օգտին։
Գնդակին մոտեցավ Ալեքս Բերենգերը, ով դիպուկ հարվածով թրիլլերային հաղթանակ պարգևեց «Ատլետիկին»։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 4:3 հաշվով, ինչից հետո «Ատլետիկը» վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
«Սելտան», 7 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Բերենգեր, Ատլետիկ Բիլբաո, Գորկա Գուրուստեա, Էռնեստո-Վալվերդե, Լա-լիգա, Խուան Լուիս Պուլիդո, Յագո Ասպաս, Յորգեն Շտրանդ Լարսեն, Ունայի Սիմոն, Ջոնաթան Բամբա, Ռաֆայել Բենիտես, Սելտա, Օյան Սանսեթ