Թիկնիզյան. «Երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը» 🎥
Թիկնիզյան. «Երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը» 🎥
23/12/2025 - 14:04

«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է որոշել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

«Կար ժամանակ` սրտանց չէի զգում, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում։ Ուզում էի ուժերս փորձել Ռուսաստանի հավաքականում։

Կհիշե՞ս` Թուրքիայի դեմ խաղից առաջ զանգահարեցի քեզ (խմբ.` Նոբել Առուստամյանին) ու ասացի, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում և մասնակցել այդ կարևոր խաղին։ Այդ որոշմանը եկա հորս հետ զրույցներից հետո, ինչը փոխեց դիրքորոշումս։ Էդիկ Սպերցյանի հետ զրույցները նույնպես օգտակար էին։

Հասկանում էի, որ եթե ընտրեմ պատմական հայրենիքս, կարող եմ օգտակար լինել, կարող եմ ցույց տալ իմ ցանկությունն ու թիմում հաջողության հասնելու իմ ձգտումը։ Երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը, քանի որ դա, իրոք, վճռորոշ և ճիշտ որոշում էր։

Ես մի պահ նույնիսկ մտածել եմ, որ այդ որոշումը պետք է ավելի վաղ կայացնեի, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ լինում է իր ժամանակին։

Այժմ ամաչում եմ նայել աչքերիդ մեջ ու ասել, որ, իրոք, կարծում էի, թե հնարավորություն կստանամ խաղալ Ռուսաստանի հավաքականում։ Դա չստացվեց, ինչի համար կային որոշ հանգամանքներ։

Երկու կարևոր գործոն կար։ Ես չէի ընդգրկվել նույնիսկ Ռուսաստանի հավաքականի ընդլայնված ամենամեծ հայտացուցակում, որտեղ հայտնվել էր գրեթե 50 ֆուտբոլիստ, որոնցից ոմանք խաղում էին երկրորդ լիգայում։

Դրանից հետո հասկացա, որ ես այդ երկրին անհրաժեշտ չեմ, պետք չեմ այդ հավաքականին, իմ կարիքը չունեն, դռներն իմ առջև փակ են։

Երկրորդ գործոնը, որը ոչ պակաս կարևոր էր, Թուրքիայի դեմ հանդիպումն էր։ Եթե դու քեզ համարում ես հայ ու զգում ես, որ ունես ինչ-որ հայկական արմատներ, նման խաղին դու պարտավոր ես ներկա լինել։ Էական չէ կլինես խաղադաշտում, թե` պահեստայինների նստարանին, բայց դու պարտավոր ես ներկա լինել։

Վերլուծելով այդ ամենը` հասկացա, որ եկել է Հայաստանում լինելու պահը»,- մանրամասնել է 26-ամյա ֆուտբոլիստը։

Թիկնիզյանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2023թ. մարտից, 28 խաղում խփել է 1 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա ազգային թիմում նորամուտը նշել է Թուրքիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում (1:2)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025