Ընթացիկ մրցաշրջանի լավագույն դրիբլյորները

Ընթացիկ մրցաշրջանի լավագույն դրիբլյորները

10/04/2020 - 01:26

Այս տարի մարտին համաշխարհային ֆուտբոլը անդառնալի հարված ստացավ։ Երբևէ չէր եղել որևէ դեպք, երբ ինչ-որ պատճառով ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցվի։ Կորոնավիրուսն ամեն տեղ քիթը խոթեց, սակայն կորոնավիրուսը կորոնավիրուս. մենք շարունակում ենք մեր գործը և այսօր ձեզ կներկայացնենք 2019/20 մրցաշրջանի լավագույն դրիբլյորներին։

Ադամա Տրաորե

Ակումբ – «Վուլվերհեմպտոն»

Տարիք – 24

Դիրք – աջ վիգներ

Անցկացրած հանդիպումներ- 43

Գոլեր – 6

Գոլային փոխանցումներ – 10

Միջինը մեկ խաղում հաջողված դրիբլինգներ – 5․2

Ժամանակին «Բարսելոնան» այս տղային չհավատած, սակայն այս մալիական արմատներով իսպանացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անհավանական պրոգրես է գրանցել։ Նախ ակնհայտ է, որ նա հստակ հասկացել է, որ եթե ցանկանում է հիմնական տեղ ունենա անգլիական Պրեմիեր լիգայի որևէ ակումբի մեկնարկային կազմում, ապա միայն տեխնիկական ունակությունները բավական չեն։ Տրաորեն ակնհայտ է, որ մկանային զանգված է հավաքել և այժմ ֆիզիկական առումով բավականին բարելավել է իր ունակությունները, այդ իսկ պատճառով էլ դարձել է «Վուլվզի» անփոխարինելի խաղացողներից մեկը։ Նրանից գնդակ խլելը շատ բարդ գործ է։ Նա ԱՊԼ-ում ոչ միայն միջինը մեկ խաղում կատարած դրիբլինգներով է լավագույնը, այլև ընդհանուր հաշվարկում է առաջատար (144 հաջողված դրիբլինգ): Տրաորեն ընդամենը 24 տարեկան է և ներկայիս ֆուտբոլային չափանիշներով ծիծաղելի գին ունի, որը կազմում է 25․5 մլն եվրո, իսկ դա նշանակում է, որ անկախ այն բանից, թե երբ կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը, նրան կցանկանան փախցնել շատ եվրոպական գրանդներ։

Լեո Մեսսի

Ակումբ – «Բարսելոնա»

Տարիք – 32

Դիրք – աջ վինգեր

Անցկացրած հանդիպումներ – 31

Գոլեր – 24

Գոլային փոխանցումներ – 16

Միջինը մեկ խաղում հաջողված դրիբլինգներ – 6.6

Մեսսիի մասին անիմաստ է որևէ բան խոսել։ Նա այս կոմպոնենտում միանշանակ լավագույններից մեկն է արդեն քանի տարի, եթե ոչ լավագույնը։ Արգենտինացին ոչ միայն միջին մեկ խաղում 5․4 հաջողված դրբիլինգով լավագույնն է Լա լիգայում, այլև 7․8 ցուցանիշով լավագույնն է Չեմպիոնների լիգայում։ Պատկերացնում եք՝ Մեսսին ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում միջինը մեկ խաղում մրցակիցներին շրջանցել է գրեթե 8 անգամ։ Այժմ երևի հասկանում եք, թե ինչու է «Բարսելոնայի» խաղն այդքան կախված «Լուից»։ Նրա մասին որևէ բան ավելացնելը պարզապես անմտություն է։ 32-ամյա ֆուտբոլիստը տարիքի հետ ավելի հանճարեղ է դառնում։

Նեյմար

Ակումբ – ՊՍԺ

Տարիք – 28

Դիրք – ձախ վինգեր

Անցկացրած հանդիպումներ – 22

Գոլեր – 18

Գոլային փոխանցումներ – 10

Միջինը մեկ խաղում հաջողված դրիբլինգներ – 5.8

Եթե կա խաղացող, ով վերջին տարիներին հաջողված դրիբլինգներով կարող է համեմատվել Լեո Մեսսիի հետ, ապա միանշանակ նրա նախկին խաղընկեր Նեյմարն է, ով, չնայած ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը բաց թողեց վնասվածքի պատճառով, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացավ ոչ միայն բավականին շատ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել, այլև բավականին լուրջ հաջողված դրիբլինգների ցուցանիշ գրանցել։ Լիգա 1-ի շրջանակում անցկացրած 15 խաղում Նեյը միջինը մեկ խաղում հաջողված 6 փորձ ունի, ինչը ընդհանուր 90 հաջողված դրիբլինգ է։ Անկախ այն բանից, թե ինչպիսի բնավորություն ունի Նեյմարը, անկախ, թե ինչպիսին է նա խաղադաշտում, միանշանակ նա գնդակի հետ վարվել գիտի, և իզուր չեն նրան համարում իսկական «կախարդ»։ Նշենք, որ ՉԼ-ում էլ նրա ցուցանիշը վատը չէ, ընդհակառակը, 4 խաղ՝ միջինը մեկ խաղում հաջողված 5 դրիբլինգ։

Վիլֆրիդ Զահա

Ակումբ – «Քրիստալ Փելես»

Տարիք – 27

Դիրք – ձախ վինգեր

Անցկացրած հանդիպումներ – 30

Գոլեր – 3

Գոլային փոխանցումներ – 5

Միջինը մեկ խաղում հաջողված դրիբլինգներ – 4.7

Վիլֆրիդ Զահան դեռևս երիտասարդ ժամանակներից համարվում էր հեռանկարային ֆուտբոլիստ, սակայն այդպես էլ մնաց «հեռանկարայինի» մակարդակում, քանի որ բավականին միակողմանի ֆուտբոլիստ է։ Զահայի հիմնական խնդիրն այն է, որ նա հիանալի կարողանում է շրջանցել մրցակիցներին, սակայն գրոհի եզրափակիչ փուլում ճիշտ որոշում չի կայացնում և միայն կենտրոնանում է մրցակիցներին շրջանցելու վրա, ինչն էլ նրան խանգարում է, այդ իսկ պատճառով դեռևս մնացել է «Քրիստալ Փելեսի» մակարդակի ֆուտբոլիստ։ Կարելի է ասել, որ նա մարտավարական առումով խելացի ֆուտբոլիստ չէ, դրա մասին են փաստում նաև արդյուավետության ցուցանիշները։ Օրինակ՝ Ադամա Տրաորեն էլ կարող էր ժամանակին հարավեր միակողմանի ֆուտբոլիստ և բավականին նման էր խաղաոճով Զահային, սակայն ժամանակին հասկացավ, որ այդպես չի կարող պրոգրես գրանցել և այժմ տեսնում եք, թե ինչի է վերածվել Տրաորեն, իսկ Զահան՝ ինչի, չնայած Զահայի արժեքը երկու անգամ ավելի թանկ է գնահատվում, քան Տրաորեինը և նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կոտդիվուարցի խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին «Չելսին» և «Բավարիան», սակայն երկու ակումբներն էլ չեն պատրաստվում խաղացողի համար վճարել աստղաբաշխական գումարներ։

Ալան Սեն-Մաքսիմին

Ակումբ – «Նյուքասլ»

Տարիք – 23

Դիրք – ձախ վինգեր

Անցկացրած հանդիպումներ – 21

Գոլեր – 3

Գոլային փոխանցումենր – 4

Միջինը մեկ խաղում հաջողված դրիբլինգներ – 4․4

Ֆրանսիացի վինգերին միանշանակ չես համարի թոփ ֆուտբոլիստ կամ ֆուտբոլի ապագան, սակայն, ինչ խոսք, նա հիանալի է շրջանցում մրցակիցներին և որերորդ մրցաշրջանն է ամացուցում է դրա մասին։ Դեռևս «Նիցցայում» հանդես գալու տարիներին Մաքսիմինը աչքի էր ընկնում վառ խաղով, սակայն դեռևս շատ աճելու տեղ ունի, քանի որ նա հանգիստ կարող է համեմատվել Զահայի հետ, քանի որ շեշտը հիմականում դնում է խաղացողներին շրջանցելու, գեղեցիկ հնարքների վրա։ Այսպիսի խաղացողները երբեք չեն կարող լուրջ հաջողություններ գրանցել, եթե չփոխվեն իրենց մտածելակերպով։

Ժերեմի Բոգա

Ակումբ – «Սասսուոլո»

Տարիք – 23

Դիրք – ձախ վինգեր

Անցկացրած հանդիպումներ – 25

Գոլեր – 8

Գոլային փոխանցումներ – 4

Միջինը մեկ խաղում հաջողված դրիբլինգներ – 4․4

Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը վստահաբար անցկանցում է կարիերայի լավագույն մրցաշրջանը։ Բոգան իր խաղով գրավել է մի շարք թոփ ակումբների ուշադրությունը, սակայն, քանի որ խաղացողը «Չելսիի» սան է, լոնդոնյան ակումբը խաղացողին հետ գնալու անմիջական իրավունք ունի, սակայն դեռևս չի մանրամասնվում, թե «ազնվականները» ինչ գումարի դիմաց կարող են ձեռք բերել աֆրիկացի ֆուտբոլիստին։ 23-ամյա վինգերը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն դրիբլյորն է և իր թիմի ակնհայտ առաջատարն է՝ օգնելով պահպանել տեղը բարձրագույն խմբում։ Բոգան ոչ միայն փայլուն տեխնիկա ունի, այլև անհավանական հեռահար հարվածների է տիրապետում, ինչն էլ թույլ է տալիս նրան լինել ավելի բազմակողմանի։

Ահա սրանք այն խաղացողներն են, ովքեր ընթացիկ մրցարջանում միջինը մեկ խաղում 4 և ավելի հաջողված դրիբլինգ են ունեցել, սակայն, ինչպես հասկանում եք, լավ դրիբլինգ ունենալը, դեռևս խելացիության, լավ խաղացող լինելու չափանիշ չէ։ Պետք է անդադար աշխատել, մարզվել, որպեսզի հաջողություններ գրանցես կարիերայիդ առաջընթացում։ Առողջ եղե՛ք, մնացե՛ք տանը, սիրե՛ք ֆուտբոլն ու ապրեք ֆուտբոլով !!!

Հ․Գ․ Բոլոր տվյալները վերցված են Whoscored.com և Transfermarkt.com կայքերից։

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023