Էրիկսենը միայն մեկ դեպքում կկարողանա շարունակել հանդես գալ Ա սերիայում
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ Ֆրանչեսկո Բրանկոնարոն նշել է, թե որ դեպքում «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին կթույլատրվի շարունակել հանդես գալ Ա սերիայի շրջանակում.
«Քրիստիան Էրիկսենը դեռևս չի կարող թույլտվություն ստանալ մասնակցել Ա սերիայի հանդիպումներին։
Սակայն, եթե դեֆիբիլիատորը հանվի, ապա նա կկարողանա հանդես գալ «Ինտերի» կազմում, իսկ դա կնշանակի, որ խնդիրն արդեն լուծված է»,- նշել է Բրանկոնարոն, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 1-ին տուրի շրջանակում հունիսի 12-ին կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին Քրիստիան էրիկսենն ուշագնաց եղավ, ինչից հետո պարզվեց, որ նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։
Տևական ժամանակ խաղադաշտում բուժօգնություն ցույց տալուց հետո Էրիկսենին հոսպիտալացրին, իսկ մի քանի օր անց նա ենթարկվեց վիրահատության, որի ընթացքում նրա վրա դեֆիբիլիատոր է տեղադրվել։ Ավելի պարզ ասած` այդ սարքը ստուգում է նրա սրտի աշխատանքը։
Հավելենք, որ մերօրյա ֆուտբոլում այդ սարքով հանդես է գալիս նաև «Այաքսի» ու Հոլանդիայի հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդը, իսկ Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունը դրա հետ կապված որևէ արգելք չի դնում, և ֆուտբոլիստը հանգիստ մասնակցում է Էրեդիվիզիայի հանդիպումներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Դանիայի հավաքական, Դեյլի Բլինդ, ԵՎՐՈ-2020, Էրեդիվիզիա, Ինտեր, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Հոլանդիայի հավաքական, Քրիստիան-Էրիկսեն