Զլատան. «Ես լավագույնն եմ` պատմության ամենակատարյալ ֆուտբոլիստը»
Շվեդ լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անվանի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը պատմության ամենակատարյալ ֆուտբոլիստն է։
– Ո՞ր հորիզոնականում եք ձեզ դասում պատմության մեծագույն ֆուտբոլիստների ցանկում։
– Ես այժմ պետք է խոսեմ որպես երկրպագու։ Սովորաբար, մենք մեզ դատում և գնահատական ենք տալիս` հաշվի առնելով ինչպես թիմային, այնպես էլ անհատական մրցանակները։
– Խոսքը ֆուտբոլիստների անհատական որակների մասին է։
– Զուտ անհատական տեսանկյունից, կարծում եմ, ես լավագույնն եմ`թիմային տիտղոսները մի կողմ դրած։ Ես երբևէ հանդես եկած ամենակատարյալ ֆուտբոլիստն եմ։ Հմտությունների տեսանկյունից։
Ես չեմ դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր և չեմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Եթե այդ ամենը կարևոր է, ապա, հավանաբար, ես այդ ցուցակից դուրս եմ մնացել։
Ինձ բախտ է վիճակվել նվաճել 34 գավաթ և ստանալ մի քանի անհատական մրցանակ, քանի որ դրանք բխում են նաև թիմային նվաճումներից:
Սակայն, եթե խոսում ենք անհատական հմտությունների մասին, ապա 100%, առանց կատակի, ես լավագույնն եմ` պատմության ամենակատարյալ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մալմյոյի», «Այաքսի», «Յուվենտուսի», «Ինտերի», «Բարսելոնայի», «Միլանի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լոս Անջելես Գալաքսիի» և Շվեդիայի հավաքականի կազմում։
Զլատանը կարիերայի ընթացքում անցկացրել է 988 հանդիպում` դառնալով 573 գոլի և 205 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Պիրս Մորգան