Զլատանը չի ծերանում․ շվեդը շարունակում է առաջնորդել Միլանին🎥
Ավարտվեց իտալական Ա սերիայի 18-րդ տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Կալյարին» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության առաջատար «Միլանին»։
Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ․ 6-րդ րոպեին սարդինական ակումբի եզրային պաշտպան Հարալամբոս Լիկոյանիսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Զլատան Իրբահիմովիչի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոն 11-մետրանոց հարված նշանակեց, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ միլանյան ակումբի ֆուտբոլիստները վերահսկում էին գնդակի տեղաշարժը, իսկ «Կալյարիի» ֆուտբոլիստների գրոհներն առանձնապես վտանգ չէին ներկայացնում իրենցից։ Կողմերն ընդմիջման գնացին «ռոսոներիների» նվազագույն առավելության պայմաններում։
«Միլանի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսը սկսեցին այնպես, ինչպես առաջինը՝ խփած գնդակով։ 52-րդ րոպեին Զլատանն իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
Շվեդ հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում խփել է արդեն 12 գնդակ և լավագույն ռմբարկուների պայքարում Չիրո Իմոբիլեի և Ռոմելու Լուկակուի հետ կիսում է 2-4-րդ հորիզոնականներ, իսկ ցուցակը 15 գոլով գլխավորում է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։
Հատկանշական է, որ 39-ամյա հարձակվողը վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2020 թվականի նոյեմբերի 22-ին, երբ «կարմրասևերը» Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեցին «Նապոլիին», իսկ Զլատանը դարձավ դուբլի հեղինակ։ Այդ խաղից հետո շվեդ ֆուտբոլիստը մոտ երկու ամիս ապաքինվում էր վնասվածքից։
Հանդիպման 74-րդ րոպեին Ստեֆանո Պիոլիի սաները մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Ալեքսիս Սալեմակերսը։
«Կալյարիի» ֆուտբոլիստները փորձեցին օգտվել ստացած քանական առավելությունից՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր։ Նախ 82-րդ րոպեին Ալբերտո Չերիի հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման փրկեց իր թիմին, ապա 85-ր դրոպեին Լուկա Չեպիտելին նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։
Չնայած խաղավարտին մոտ սարդինական ակումբի ճնշմանը՝ հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ, և «Միլանը» հաղթեց 0։2 հաշվով։
Այսպիսով, «Միլանը» վաստակեց 43 միավոր և կրկին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ինտերին» գերազանցելով 3 միավոր։ «Կալյարին» էլ 14 միավորով 17-րդն է։
# Ա-սերիա, Ալեքսիս Սալեմակերս, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Կալյարի, Միլան, Ստեֆանո Պիոլի