Զենիթը տոնել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Զենիթը»` Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, մրցեց «Օրենբուրգի» դեմ։
Սերգեյ Սեմակի թիմը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` ջախջախելով անհավանական 8:0 հաշվով։
Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վենդելը, Մալկոմն իր անվան դիմաց դուբլ գրանցեց, Դալեր Կուզյաևն ու Իվան Սերգևեն աչքի ընկան մեկական անգամ, իսկ «Օրենբուրգի» պաշտպան Ալեքսանդր Պավլովեցը գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որ «Զենիթը» տոնել է ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։
Ակումբը նախկինում երեք անգամ մրցակիցներին հաղթել էր 8:1 հաշվով։
Նման դեպք գրանցվել է 2018 թ. օգսոստոսի 16-ին (Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում` «Զենիթ» 8:1 «Դինամո Մինսկ), 2014 թ. օգոստոսի 9-ին (ՌՊԼ-ի 2014/15 մրցաշրջան, 2-րդ տուր` «Զենիթ» 8:1 «Տորպեդո Մոսկվա) և 2008 թ. հոկտեմբերի 5-ին (ՌՊԼ-ի 2008 թ. մրցաշրջան, 24-րդ տուր` «Զենիթ» 8:1 «Լուչ Էներգիա»)։
Այս հաղթանակից հետո «Զենիթը» վաստակեց 23 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Օրենբուրգը», 9 միավորով, 12-րդն է։
Հավելենք, որ «Օրենբուրգի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև 20-ամյա հայազգի հարձակվող Ստեփան Օգանեսյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սպարտակին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դալեր Կուզյաև, Զենիթ, Մալկոմ, ՌՊԼ, Սերգեյ Սեմակ, Վենդել