Երբ կատարելությունը խորության մեջ է, ոչ թե մեծության

Երբ կատարելությունը խորության մեջ է, ոչ թե մեծության

16/05/2021 - 17:53

Մարդ իր գիտակցական կյանքում միշտ ձգտում է կատարելության՝ չփորձելով դավաճանել սեփական սկզբունքներին։ Ձգտումը ինքնին արդեն գեղեցիկ է, քանի որ կատարելությանը չեն հասնում, բայց այնտեղ տանող ճանապարհը ամենաազդեցիկն ու նշանակալիցն է մարդու կյանքում։  Լավագույնը միշտ մնալ անհնար է, բայց եթե քո ճանապարհը դեպի կատարելությունն է, քո կանգառները կլինեն միայն «լավագույնը» կոչվելու համար։

Պեպ Գվարդիոլա

Պեպ Գվարդիոլային էլ լավագույնը դարձնում է նաև նրա՝ անդադար կատարելության ձգտումը։

Կատալոնացի մարզչի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» նվաճեց այս մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի կոչումը, մի քանի նոր ռեկորդներ սահմանեց և մայիսի 29-ին մասնակցելու իր պատմության առաջին Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Սա էլ ավելի տպավորում է, եթե նշենք, որ այս մրցաշրջանի մեկնարկը վատագույնն էր Գվարդիոլայի կարիերայում։

Այս ամենը զուտ փաստեր են վիճակագրության համար, իսկ սրա հետևում այն խորքայինն է, որը չի երևում,  ինչպես օվկիանոսի դեպքում, երբ  հզորությունը մեծության մեջ չէ, այլ խորության, այնպես էլ այս «Մանչեսթեր Սիթին» է։  Եկեք «սուզվենք» այդ խորության մեջ։

2020/2021 – ի «Մանչեսթեր Սիթին»

Պեպ Գվարդիոլան նվաճել է Իսպանայի չեմպիոնի կոչումը «Բասրելոնայի» ղեկին, նույն հաջողությունը գրանցել Բունդեսլիգայում «Բավարիայի» հետ և Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Այս բոլոր չեմպիոնական թիմերը միմյանց շատ նման են եղել, բացառությամբ այս մրցաշրջանի «Մանչեսթեր Սիթիի»։

Դեռ նոյեմբերին Պրեմիեր Լիգայի ապագա չեմպիոնները զբաղեցնում էին մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, և մամուլը ու երկրպագուները լի էին կասկածներով, բայց ոչ ղեկավարությունը, որ հենց այդ ժամանակ նոր հինգ տարվա պայմանագիր կնքեց Գվարդիոլայի հետ։

Տարբերությունները․ հոգեբանական գործոնը

Նախկինում Գվարդիոլայի բոլոր մարզած թիմերի գրոհները օվկիանոսի ալիքի նման էին՝ անդադար ու շարունակական, հիմա սյդպես չէ։

Այս «Մանչեսթեր Սիթին» ավելի հասուն է դարձել, ավելի զուսպ, այն կարող է նաև կամավոր զիջել գնդակը, խաղալ երկրորդ համարով։  Այս ամենը ապացուցվում է նաև թվերով․ վերջին հինգ տարիների ընթացքում ներկայիս «Մանչեսթեր Սիթին» ամենաքիչն է միջինը տիրել գնդակին՝ 63,9%:

Այս ամենի հետ միասին  (բնականաբար եթե գնդակին քիչ ես տիրում փոխանցումներն էլ կնվազեն) նվազել է նաև փոխանցումների քանակը, և եթե 2017/2018 մրցաշրջանում այն միջինը 90 րոպեների համար կազմում էր 743 փոխանցում, ապա այս մրցաշրջանում այն նվազել է՝ հասնելով 679-ի։ Սա, իհարկե, բարձրացնում է ճնշումը պաշտպանության վրա և այստեղ ի հայտ է գալիս Պեպ Գվարդիոլայի ամենալավ տրանսֆերներից մեկը, ում անունն է Ռուբեն Դիաշ։

Պորտուգալացին հրաշալի միաձուլվեց Գվարդիոլայի գաղափարներին և դարձավ  չեմպոինական Սիթիի պաշտպանական գծի անվիճելի առաջատարը։

Ռուբեն Դիաշը տալիս է այն հուսալիությունը, որը չկար նախորդ մրցաշրջաններում։

Տակտիկական ու մարտավարական գործոնները․ կառավարելի քաոս

«Քաղաքաբնակները» հաղթեցին Պրեմիեր լիգան առանց հարձակվողի։ Պեպի բոլոր նախկին թիմերում կային ռմբարկուներ, որոնք հեղինակում էին 30-ին մոտ գնդակներ՝ սկսած Սամուել Էտո’օյից ու Թիերի Անրիից վերջացրած Ռոբերտ Լևանդովսկիով և Սերխիո Ագուերոյով։ Այս տարվա թիմում չկա նման բան, օրինակ, լավագույն ռմբարկուն Իլկայ Գյունդողանն է՝ 12 գոլով․ այս հանագամանքը լավագույնս է բնորոշում 2020/2021 մրցաշրջանի խայտաբղետությունը։ Դուք չեք գտնի որևէ չեմպիոն թիմի տարբեր տարիներում, որի լավագույն ռմբարկուն ընդամենը 12 գնդակ հեղինակած լինի և խաղա կիսապաշտպանությում։

Այս «Սիթիում» շատ են «կեղծ» դերերով ֆուտբոլիստներ․ կան կեղծ  եզրայիններ, կեղծ կիսապաշտպաններ, կեղծ ինը համարներ․․․ սա բավական հեշտ է հնչում, բայց պետք է հասկանալ որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ամենաքիչը երկակի դեր է կատարում և նրանք չեն խառնում այդ ամենը, այսինքն, մեկը մյուսի գոտի չի մտնում, այլ ձևով ասած՝ ստեղծում են կառավարելի քաոս։ Սա առանձին դերերի մասով, իսկ թիմային առումով «Մանչեսթեր Սիթին» միակ թիմն է, որը կարողանում է մի դրվագում թվային առավելություն ստանալ և՛ կենտրոնում, և՛ գրոհի եզրափակիչ փուլում։ Սա հեղափոխություն է։

Եկեք վերը ձևակերպածը դիտարկենք հստակ օրինակներով․

Սա «Մանչեսթեր Սիթի» 3։0 «Տոտտենհեմ» հանդիպումից  դրվագ է, որտեղ եզրային պաշտպանների դիրքում խաղացող Ալեքսանդր Զինչենկոն և Ժոաո Կոնսելուն գալիս են կենտրոն՝ ստեղծելով ռոմբ ու թվային առավելություն։

Գրոհի հաջորդ փուլում թվային առավելություն վերջին գծում․

Ահա երկու նկար էլ նույն հանդիպումից․

Ուշադրություն դարձրեք, որ խաղարկողի դերում այստեղ Կոնսելուն է․

Կարող ենք դիտարկել դրվագներ մեկ այլ խաղից․ ահա Չեմպիոնների Լիգայի «Բորուսիա Մ․»-ի դեմ հանդիպումից․ տեսեք, այստեղ Բերնարդու Սիլվան է ռոմբ ձևավորում, իսկ Կոնսելուն արդեն ձախից է․

Գրոհի հաջորդ փուլը․

Նույն խաղից մեկ այլ դրվագ․ այստեղ հատկանշական է, որ Գաբի Ժեզուսը արդեն աջից է, իսկ նրա դիրքը ռոմբում զբաղեցրել է Գյունդողանը, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստները կատարելագործվել են և հոյակապ են տվյալ համակարգում համագործակցում։

Նույն գրոհի հաջորդ դրվագը․

Որպեսզի ավելի պատկերավոր հասկանանք, թե որքան բազմազան կարող է լինել «Սիթին» գրոհելիս, եկեք մեկ այլ խաղի էլ անդրադառնանք։ Այստեղ Բերնարդու Սիլվան է գագաթում, երկու «կեղծ» ֆուլբեքներ և Ռոդրին։ Հատկանշական է, որ միայն Ռոդրիի (կամ ֆերնանդինիոյի) դիրքն է անփոխարինելի։

Ինչո՞ւ է սա հեղափոխություն

Տարբեր ժամանակների լավագույն թիմերը կարողացել են առավելություն ունենալ խաղադաշտի որևէ հատվածում, բայց ոչ երբեք մի դրվագում երկու հատվածներում, այ սա է հեղափոխությունը։ Այստեղ կարևոր է նշել նաև ֆուտբոլիստների որակը, կարևոր է ինտելեկտը և այդ համակարգի ամբողջությամբ ընկալումը, օրինակ, Բենջամին Մենդին չի կարող խաղալ կենտրոնում, նա կարող է փակել ամբողջ եզրը, բայց ոչ երբեք խաղարկել գնդակը կենտրոնում։ Համեմատելու համար կարող ենք հիշել Գվարդիոլայի նախկին թիմերին։

Օրինակ, «Բարսելոնան», որը կատարյալ էր կենտրոնում, «կեղծ» ինը համարով և եզրային Դանի Ալվեսով, ովքեր կենտրոն էին ներխուժում ու ստեղծում այդտեղ թվային առավելություն։

«Բավարիան» թվային առավելություն ստեղծում էր գրոհի եզրափակիչ փուլում։ Այսինքն, միաժամանակ, մի դրվագում թվային առավելություն Գվարդիոլայի նախկին թիմերը չեն ստեղծել, ու ընդհանրապես, սա ունիկալ փորձ է, որը հեղափոխական է և այն դեռ կարող է զարգանալ։

Ահա այս ամենի շնորհիվ է, որ այս «Մանչեսթեր Սիթիին» հետևելը շատ հետաքրքիր է։ Գվարդիոլան բերեց նոր մտքեր, նոր գաղափարներ, որը նրա թիմին էլ ավելի բազմազան դարձրեց։

Չեմպիոն հռչակվելուց հետո ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց․

Պեպ, Դուք,  նորից լավագույնն ենք Անգլիայում, կասե՞ք՝ ո՞րն է այս հաջողության գրավականը։ Շատերը պնդում են, որ Դուք շատ եք ծախսում  և այս նվաճումը տրամաբանական է։

– Այո, մենք լավագույնն ենք, քանի որ շատ ենք ծախսում։ Նայեք «Յուվենտուսին», «Ռեալին», «Բարսելոնային», «Լիվերպուլին», նրանք բոլորը ծախսում են, ես չեմ ցանկանում իմ ֆուտբոլիստների հաղթանակին նման որակավորում տալ։ Այս հաղթանակը ձեռք է բերվել խաղադաշտում,- կշտաբանքով պատասխանեց Գվարդիոլան։

Կարեն Պողոսյան

                                                                                                                

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023