«Եվրոպական գլխավոր առաջնությունների առաջատարները. ի՞նչ ինտրիգներ կան ու կլինեն Աշխարհի առաջնությունից հետո»:
Այսօր մեկնարկում է Աշխարհի առաջնությունը։ Եվրոպական գլխավոր առաջնություններում միջազգային դադար է։ Սա հնարավորություն է տալիս մեզ` վերլուծելու և հասկանալու, թե թոփ-5 առաջնությունների ո՞ր թիմերն են առաջատարները և ինչ շանսեր ունեն։
Լիգա 1․
Ֆրանսիայի առաջնությունը վերջին 11 տարիներին ընդամենը 3 չեմպիոնի է տեսել՝ Մոնակոյին(2016/17), Լիլին(2020/21) և ՊՍԺ-ին։ Այս տարի ՊՍԺ-ն կարող է հաղթել իր 9-րդ չեմպիոնական գավաթը՝ 2012/13 մրցաշրջանից սկսած։ Լիգա 1-ում պայքարի առումով ոչինչ դեռ չի մարել, սակայն հասկանում ենք, որ ՊՍԺ-ն իր աստղային թիմով անհնար է, որ չդառնա չեմպիոն։ ՊՍԺ-ն 38 միավորով և առանց պարտության գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանց հետապնդում է Լիգա 1-ի բացահայտումը՝ <<Լանսը>>։ Այս պահին նրանք ՊՍԺ-ին զիջում են 5 միավորով։ Ամենավտանգավոր հարձակման եռյակը ՊՍԺ-ի շարժիչ ուժն է այս մրցաշրջանում։ Նրանք, երեքով միասին, խփել են 45 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Ինչ խոսք, շշմելու արդյունավետություն ունեն նրանք, բայց ՊՍԺ-ի չեմպիոնությունը կախված է մի քանի գործոններից։
Աշխարհի առաջնությունը կարող է խճճել ոչ միայն ՊՍԺ-ի, այլև մյուս թիմերի գործերը։ Կատար 2022-ից հետո կարող են շատ տրանսֆերներ լինել, որը կարող է և՛ օգնել, և՛ խանգարել ՊՍԺ-ին։ Վնասվածքների գործոնը ևս պետք չէ բացառել, քանի որ ամենավառ օրինակը մեր աչքերի դիմաց է․ միջազգային դադարի ժամանակ <<Բարսելոնան>> մի շարք առաջատար ֆուտբոլիստների կորցրեց(Արաուխո, Կունդե, Դեպայ)։
ՊՍԺ-ի երկրորդ ամենավտանգավոր գործոններից մեկը Չեմպիոնների Լիգան է։ ՊՍԺ-ն, բնականաբար, պայքարում է ՉԼ գավաթակիր դառնալու համար, և գարնանային հատվածը շատ դժվար կլինի նրանց համար, որովհետև նրանք մրցելու Մյունխենի <<Բավարիայի>> դեմ և հաղթելու դեպքում նրանք կարող են խաղից խաղ աչքաթող անել Լիգա 1-ը, ինչը նրանք արեցին 2020/21 մրցաշրջանում, երբ հասան մինչև ՉԼ կիսաեզրափակիչ և պայքարը լքեցին Մանչեսթեր <<Սիթիից>>(1-2,2-0):
Եվ, թերևս, ամենամեծ գործոնը․ լրատվամիջոցներում տարածվում են լուրեր, որ Լիոնել Մեսսին ձմռանը վերադառնալու է <<Բարսելոնա>>, անգամ Մեսսին մի քանի անգամ շեշտել է վերջին ամիսներին, որ <<Բարսելոնան>> իր տունն է։ Ինչո՞ւ է Մեսսին ամենամեծ գործոնը, որովհետև նա 26 օգտակար գործողություն է կատարել այս մրցաշրջանի 18 խաղերում։ Եվ նոր մրցաշրջանում Մեսսին այնպիսի թափ է հավաքել, որ անգամ կարող է Ոսկե Գնդակի դափնեկրի կոչման համար պայքարել։ Նրա՝ <<Բարսելոնա>> հավանական տեղափոխությունը կարող է խառնել ՊՍԺ-ի գործերը։
ՊՍԺ-ին լուրջ ընտրություն է սպասվում գարնանը․ ռիսկի տակ դնե՞լ անգամ Լիգա 1-ը և շեշտը դնել ՉԼ-ի վրա։ Քրիստոֆ Գալտյեի թիմը ունի լավ ֆուտբոլիստներ, սակայն հասկանում ենք, որ հարձակման եռյակից մեկի բացակայությունը՝ երկար ժամանակով, կարող է գլխիվայր շրջել ամեն ինչ ՊՍԺ-ի համար։
Բունդեսլիգա
Նագելսմանի թիմը գնում է 11-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսին։ 2012/13 մրցաշրջանից սկիզբ դրված հաղթարշավը ընդհատող կարծես թե չկա։ <<Բավարիան>> մրցաշրջանի սկզբում առաջ թողեց մրցակիցներին՝ կենտրոնանալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վրա, ապա այնտեղ խնդիրները լուծելուց հետո նաև այստեղ գործի անցավ։ <<Բավարիան>> միանձնյա գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Չնայած Լևանդովսկու հեռանալուն՝ նրանք խաղում են այն նույն գոլառատ խաղերը, ինչ լեհ հարձակվողի հետ։ 31 միավորով առաջինն են և 4 միավորով գերազանցում են Բունդեսլիգայում հայտնություն դարձած երկու թիմերին՝ <<Ունիոն Բեռլինին>> և <<Ֆրայբուրգին>>։ Բայց <<Բավարիայի>> համար թիկունքից նման ճնշումը չի ազդում․ սա մենք տեսել ենք վերջին 10 մրցաշրջաններում։ Սակայն, Նագելսմանի թիմը ևս կարող է խնդիրներ ունենալ։ Չեմպիոնների Լիգայի գործոնը կարող է ազդել Բունդեսլիգայում խաղերի վրա։ Եթե նախորդ մրցաշրջաններում Լևանդովսկին իր գոլերով հաղթանակներ էր պարգևում, ապա այս տարի այդ պարտականությունները Չուպո Մոտինգի ուսերին է։ Իսկ նա կարո՞ղ է․ սա է գլխավոր հարցը։ Առջևում ՊՍԺ-ն է, իսկ նրանց պետք է այլ բան առաջարկել՝ այլ խաղ, այլ որակներ և հատկանիշներ։
<<Բավարիայի>> չեմպիոնության գլխավոր գործոնը կարող է երիտասարդ Ջամալ Մուսիալան լինել։ Նա լավագույն ռմբարկուն է թիմում և ամենաշատ գոլն է խփել Գերմանիայի առաջնությունում <<Բավարիայից>>(9 գոլ): Սակայն, նրա համար մեծ որս է սպասվում նաև ձմեռային պատուհանի ընթացքում։ Նրա հեռանալը կամ բացակայությունը լուրջ ազդեցություն կունենա <<Բավարիայի>> հետագա մրցաշրջանի վրա։
Բայց, այնուամենայնիվ, <<Բավարիայի>> չեմպիոնթույունը գրեթե կասկած չի հարուցում։ Նրանք գարնանը շատ ավելի մեծ թափ են հավաքում և չեմպիոնության հարցը մի քանի տուր շուտ լուծած են լինում։
Սերիա Ա
Վերջին 2 մրցաշրջաններում <<Ինտերն>> ու <<Միլանը>> չեմպիոնությունը այլ թիմերի չզիջեցին։ <<Յուվենտուսի>> 9 անընդմեջ չեմպիոնական հաղթարշավը ավարտվեց։ Այդ մրցաշրջանից սկսած՝ Սերիա Ա-ն նոր թափ ու մրցակցություն է հավաքել, իսկ այս մրցաշրջանում, առհասարակ, ավելի է սրվելու պայքարը ոչ միայն չեմպիոնության, այլև եվրագավաթների համար։ Սակայն, եթե եվրագավաթների համար պայքարը թեժ կլինի ԱԱ-ից հետո, ապա չեմպիոնական մրցավազքում <<Նապոլին>> առաջ է անցել բոլորից բավականին մեծ պաշարով։ Նրանք այս պահին 41 միավորով առաջինն են՝ առանց պարտության,ինչը խոսում է նրանց բարձր կենտրոնացվածության, ֆուտբոլիստների անհատական ու մարզչական հստակ ռազմավարության մասին։ <<Նապոլին>> թիվ մեկ ֆավորիտն է այս պահին Սերիա Ա-ն նվաճելու։ Թե՛ ցուցադրած խաղը, թե՛ անհատները այս <<Նապոլիի>> ստեղծման հիմնաքարն են։ Նրանք փայլեցին նախ ՉԼ-ում՝ հավաքելով 15 միավոր և երկրորդ հորիզոնականում թողնելով <<Լիվերպուլին>>։ Լուչիանո Սպալետիի թիմը դեռևս անպարտելի է և այս տարի նրանք այդպես էլ անպարտելի կմնան։ Սակայն, <<Նապոլին>> կկարողանա՞ 33 տարի անց նվաճել Սերիա Ա-ի գավաթը։
Նրանց հաղթելու համար մի քանի գործոններ կան, որոնց պետք է ուշադիր լինել․
<<Նապոլին>> Չեմպիոնների Լիգայում է և մրցելու է Ֆրանկֆուրտի <<Այնթրախտի>> դեմ։ Մրցակիցը անցյալ տարվա ահեղ <<Այնթրախտը>> չէ, որը, <<Բարսելոնային>> պայքարից դուրս թողնելով և եզրափակիչում հաղթելով <<Ռեյնջերսին>>, դարձավ Եվրոպա Լիգայի գավաթակիր, այս <<Այնթրախտը>> Օլիվեր Գլանսերի հետ, ճիշտ է, դուրս եկավ ՉԼ փլեյ-օֆֆ, բայց <<Նապոլիի>> դեմ նրանք ֆավորիտ չեն։ <<Նապոլին>>, իհարկե, ¼-րդ եզրափակիչ անցնելու համար ֆավորիտ է։ Խիտ գրաֆիկը կարող է թանկ նստել Սպալետիի թիմի համար Սերիա Ա-ում։ Այսինքն, եթե այս ամենին գումարենք նաև գավաթային խաղերը և պահեստայինների կարճ նստարանը, ապա <<Նապոլին>> պետք է <<որոշի>>, թե որտեղ է պայքարելու հիմնականում։ բայց նրանք ևս հասկանում են, որ Չեմպիոնների Լիգայում մրցակիցների գնալով ավելի են դժվարանալու։
Մյուս գործոնը Վիկտոր Օսիմհենի ու Կվարացխելիային է վերաբերում։ Նրանք <<Նապոլիի>> համար մեծ նշանակություն ունեն և գարնանային հատվածում նրանցից մեկի բացակայությունը կազդի թիմի խաղի որակի վրա, նաև մարզավիճակը ևս կարող է ազդել։ Վրաստանը և Նիգերիան ԱԱ-ի մասնակից չեն և խաղային տոնուսի մեջ չեն լինի շուրջ մեկուկես ամիս։
Սերիա Ա-ում պայքարը սրվում է գարնանային հատվածում, երբ թիմերը եվրագավաաթներին ավելի են ուշադրություն դարձնում, քան ներքին առաջնությանը։ Միավորների կորուստը Սերիա Ա-ում չի ներվում, իսկ չեմպիոնի բաղձալի կոչումը ունենալու համար <<Նապոլին>> պետք է խոսւափի միավորների կորստից։
Լա Լիգա
Վերջին 3 մրցաշրջաններում ակնհայտ էր, որ մադրիդյան երկու ակումբները լավագույնն էին Լա Լիգայում։ Սակայն, կատալոնական <<Բարսելոնայի>>՝ այս տարվա հեղափոխական քայլերից հետո նրանք մտան Լա Լիգայի գավաթի համար մղվող պայքարին։ Եվ հիմա՝ առաջնության մեկնարկից 14 խաղ անց, պարզ է դառնում, որ չեմպիոնական պայքարը իսպանական երկու գրանդների՝ Մադրիդի <<Ռեալի>> և <<Բարսելոնայի>> միջև է ընթանալու։ Նրանք զգալի առաջ են անցել երրորդ հորիզոնականից։ Բայց Լա Լիգայի չեմպիոն դառնալու կատալոնական թիմի շանսերը այս մրցաշարջանում շատ ավելին են։ <<Բարսելոնան>> ընդամենը 2 միավորով է գերազացնում արքայական թիմին և յուրաքանչյուր վրիպումը կարող է թանկ արժենալ Չավիի թիմի և անձամբ Չավիի համար, ով նպատակադրվել է հաղթել այս գավաթը։ Սակայն, <<Բարսելոնայում>> առկա խնդիրները ճիշտ վերլուծելու հնարավորություն չեն տալիս թիմին։ Այնուամենայնիվ, Չեմպիոնների Լիգայում անփառունակ խաղը Լա Լիգայում չկա և արդյունքները խոսում են հենց դրա մասին։ Նրանց չեմպիոն դառնալու ևս մի քանի գործոններ կան, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալը․
Պատճառներից, թերևս, գլխավորը Եվրոպա Լիգայում հայտնվելն է։ Այստեղ մրցակիցները որակական առումով զիջում են ՉԼ-ի թիմերին, բայց <<Բարսելոնայի>> մրցակիցը ոչ ավել, ոչ պակաս Տեն Հաագի ՄՅՈւ-ն է։ Սա վաղաժամ եզրափակիչ կարող է համարվել։ Եթե մի պահ մտածենք, որ <<Բարսելոնան>> չհաղթի ՄՅՈւ-ին, ապա Լա Լիգայում չեմպիոնության համար պայքարում առաջ կանցնի արքայական թիմից։ Չնայած շտապել պետք չէ, քանի որ <<Ռեալ>> Մադրդը ևս կարող է զիջել ու այս պարագայում պայքարը Լա Լիգայում չափազանց թեժ կլինի, հատկապես, Էլ Կլասիկոն։ Բայց <<Բարսելոնային>> Եվրոպա Լիգայից դուրս չհանենք, քանի որ Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ տուն։ Նրա ներկայությունը կարող է լուծել և փակել շատ հարցեր։ Ուրեմն, Մեսսիի վերադարձը մեծ գրավական է ոչ միայն Լա Լիգան հաղթելու, այլև Եվրոպա Լիգան և մյուս գավաթները։ Մեսսի-Լևանդովսկի զույգը մահացու կլինի։
Անկախ ամեն ինչից՝ <<Բարսելոնան>> շատ լուրջ է տրամադրված Լա Լիգայում։ Չավին բազմիցս նշել է, որ նպատակ ունեն հաղթել այս գավաթը, սակայն այստեղ խնդիրը մեկն է․ մադրիդյան թիմը ևս ուզում է հաղթել։
Պրեմիեր Լիգա
Ամենաքաղցր կտորին հասանք՝ Պրեմիեր Լիգային։ Պարզից էլ պարզ է, որ <<Արսենալը>> և Մանչեսթեր <<Սիթին>> գավաթը հաղթելու գլխավոր հավակնորդներն են, ու նրանց միջև խաղերը տարվա խաղի նշանակություն են ունենալու։ Պեպ Գվարդիոլայի աշակերտը ապացուցում է ուսուցչին, որ բոլոր դասերը յուրացրել է և անգամ նրանից էլ լավ է անում։ Միկել Արտետան վերադարձնում է <<Արսենալի>> երբեմնի խաղը։ Նրա թիմը խաղում է մի այնպիսի հետաքրքիր ֆուտբոլ, ինչին չսիրահարվել չես կարող։ Նրանք մինչ ԱԱ-ի ավարտ կլինեն Պրեմիեր Լիգայի առաջատար, ու կսկսվի <<պատերազմը>>։ <<Արսենալը>> գերազանցում է <<Սիթիին>> միավորով, բայց ինչ է պետք՝ վերջնական արդյունքին հասնելու համար․
Արտետայի սաները լավ են համագործակցում, բայց մրցաշրջանի երկրորդ հատվածում պահեստայինների կարճ նստարանը խոցելի կլինի։ Մանչեսթերի կապույտ կողմը այս առումով ՊԼ-ում և, ինչու չէ, Եվրոպայում լավագույններից են, եթե ոչ լավագույնը։ <<Արսենալին>> պետք են նոր խաղացողներ, ովքեր կլրացնեն բացականերին և վատ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներին։ Սա գլխավոր խնդիրն է, որ պետք է լուծի Արտետան։
Մյուսը այն է, որ թիմի կորիզը երիտասարդներ են, և նրանց համար շատ դժվար կլինի պայքարը հոգեբանական տեսանկյունից։ Յուրաքանչյուր հաջորդ տուրը սկսելու է լարվածություն մտցնել նրանց մեջ, ինչը կխանգարի չեմպիոնության համար։
Կարևոր գործոն է նաև Եվրոպա Լիգայում ֆավորիտ լինելը․ նրանք գլխավոր ֆավորիտն են՝ անկախ <<Բարսելոնայից>>, ՄՅՈւ-ից, <<Սևիլյայից>> կամ <<Այաքսից>>։ Նրանցից երկրպագուները սպասելու են, որ թիմը հասնի, գոնե, եզրափակիչ փուլ, իսկ խիտ գրաֆիկը ևս ազդեցություն կունենա։
Պրեմիեր Լիգայի չեմպիոնի կոչումը վերջին տարիներին շատ է սրվել։ Նախորդ մրցաշրջանում այն վերջին տուրում էր որոշվել։ Որքան էլ <<Արսենալի>> երկրպագուները ցանկանան մի քանի տուր շուտ դառնալ չեմպիոն, միևնույն է, ֆուտբոլասերները կնախընտրեն, որ պայքարը գագաթնակետին հասնի վերջին տուրից առաջ։
Թոփ-5 լիգաներում շատ թեժ գարնանային հատված է սպասվում։ Թիմերը կզիջեն դիրքերը, հետո կբարձրանան, հետո կրկին կիջնեն ու այսպես շարունակ։ Բայց, այնուամենայնիվ, Աշխարհի առաջնությունը կարող է թիմերի խաղաքարտերը փոխել։ Աշխարհի առաջնության ավարտից հետո մենք շարունակելու ենք ֆուտբոլային մթնոլորտում լինել, որովհետև պայքարը սկսվում է երկրորդ շրջանում։
Սամվել Մխիթարյան
# Ա-սերիա, Բունդեսլիգա, լալիգա, լիգա 1, Պրեմիեր-լիգա, Սամվել Մխիթարյան