Ե՞րբ է բացվելու ամառային տրանսֆերային պատուհանը թոփ առաջնություններում
Եվրոպական ֆուտոբլի վերսկսմանը զուգահեռ երկրպագուների մոտ ևս մեկ հարց է ծագում․ ե՞րբ է բացվելու ամառային տրանսֆերային պատուհանը։
Որպես կանոն՝ եվրոպական ֆուտբոլում ամառային տրանսֆերային պատուհանը բացվում է հունիսի վերջին, իսկ փակվում է սեպտեմբերի սկզբին, սակայն այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարող է ամեն ինչ փոխվել։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, եվրոպական թոփ առաջնություններում տրանսֆերային պատուհանը կբացվի սեպտեմբերի սկզբին և կփակիվ հոկտեմբերի սկզբին։
Իտալական Ա սերիան արդեն հաստատել է, որ տրանսֆերային գործարքներ ակումբները կկարողանան իրականացնել սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։
Ֆրանսիական Լիգա 1-ը, որը անավարտ մնացած միակ թոփ առաջնությունն է, թույլատրել է ներքին տրանսֆերներ իրականացնել արդեն այսօրվանից՝ հունիսի 9-ից, սակայն միջազգային տրանսֆերների հետ կապված դեռևս որևէ հստակ ժամկետ չի նշվում։ Ամենայն հավանականությամբ՝ դա կլինի օգոստոսից մինչև հոկտեմբեր։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, անգլիական Պրեմիեր լիգան նախքան առաջնության ավարտը՝ մինչև հուլիսի 25-ը, միանաշանակ չի բացի տրանսֆերային պատուհանը։ Նույն իրավիճակն է նաև Լա լիգայի պարագայում, սակայն այն կավարտվի մի քանի օր շուտ՝ հուլիսի 20-ին։
RMC-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն ներքին առաջնություններին կթույլատրի բացել տրանսֆերային պատուհանը միայն առաջնությունների ավարտից մի քանի շաբաթ անց, սակայն վերջնական որոշումը առաջնությունների ղեկավարները կայացնելու են ինքնուրույն։ ՖԻՖԱ-ն առաջնություններին տրանսֆերային ակտիվություն թույլատրում է միայն 12 շաբաթ, սակայն կա մեկ նրբություն․ անկախ ամեն ինչից, եթե որևէ խաղացող փոխի ակումբային գրանցումը, չի կարող տվյալ ակումբի կազմում մասնակցել հանդիպումների մինչև չսկսվի նոր մրցաշրջանը։
Նշենք, որ անգլիական Պրեմիեր լիգայում վերջին երկու տարում տրանսֆերային պատուհանը փակվում էր առաջնության վերսկսման նախորդ օրը, այս տարվանից սկսած կրկին պետք է վերադառնար նախկին ձևաչափին, այսինքն՝ տրանսֆերային պատուհանը փակվելու սեպտեմբերի սկզբին։
Այս տարի հավանական է, որ տրանֆերային աշխարհում մեծ գումարներ չեն ծախսվի, քանի որ կորոնավիրուսի համաճարակը լուրջ հարված է հասցրել ֆուտբոլային աշխարհին՝ անմասն չմնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամից։
# Ա-սերիա, ԱՊԼ, Լա-լիգա, Լիգա-1, կորոնավիրուս, տրանսֆերներ